ԿարևորՔաղաքական

Դիտորդներ ԵՄ-ից ու ՀԱՊԿ-ից․ Երևանը կողմ է, Թեհրանը՝ վերապահում ունի, Մոսկվան տարակուսում է

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ այսօր ԵՄ մշտադիտարկողների նախնական խումբը ժամանում է Երևան: Ավելի ուշ պարզ դարձավ նաև, որ Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը վերաբերող հարցեր։

Տարածաշրջան դիտորդներ գործուղելու մտադրության մասին խոսել է նաև ՌԴ արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդական խումբ ուղարկել Հայաստան։ 

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ԵՄ դիտորդներին զուգահեռ պատրաստ է ընդունել նաև ՀԱՊԿ-ի դիտորդներին։  Վերլուծաբաններն այս կետում  ՌԴ-Արևմուտք հակամարտության սրման վտանգ են տեսնում։

ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր են այսօրվա հեռախոսազրույցում քննարկել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ տեղեկացնում են Հայաստանի արտգործնախարարությունից։  

Մինչև այս հաղորդագրությունը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Քլաարը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ ԵՄ առաքելությունը ժամանել է Հայաստան:

«Այսօր ԵՄ մոնիթորների առաջատար խումբը ժամանում է Երևան։ 27 անդամ երկրներն արագ են գործել Հայաստանի հարցմանն արձագանքելու համար։ ԵՄ տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել տեղում հայ-ադրբեջանական կայունացմանը»։

Թե ինչ կազմով է Հայաստան գալիս ԵՄ դիտորդական առաքելությունը, ինչպես է գործելու, առայժմ չի մանրամասնվում։

Կովկասի ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայումը  սահմանային միջադեպերին արագ և համարժեք արձագանքելու հնարավորություն է տալու։

«Ամեն դեպքում արձագանքը քաղաքական ակտ է, և կարող ենք ակնկալել, որ հետագայում քաղաքական արձագանքը լինելու է քիչ թե շատ մեր շահերին համապատասխան, եթե նման քաղաքական կամք լինի»։   

Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ:  

Ըստ քառակողմ հայտարարության՝ Հայաստանը համաձայնել է ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին։ Բաքուն, որը նախկինում մերժել էր տարածաշրջանում միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկը, խոստացել է համագործակցել «այնքանով, որքան կառնչվի դրան»:

Արդեն հայտնի է, որ առաքելությունը տեղակայվելու է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, բայց դրա հայկական հատվածում։ Թե ինչ կազմ է ունենալու առաքելությունը, քանի դիտորդով է ներկայացված լինելու և ինչպես են նրանք գործելու, առայժմ չի հստակեցվում։ 

Առաքելություն  տեղակայման փաստին անդրադարձել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը՝  նկատելով, որ 88-ից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի և ԵՄ-ի նախաձեռնությամբ այստեղ միջազգային ներկայություն է ապահովվում։ Այդ առնչությամբ նախկին դեսպանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«1988 թվականին հակամարտության սկզբից առաջին անգամ Ֆրանսիայի եւ ԵՄ-ի նախաձեռնությամբ այստեղ միջազգային ներկայություն կլինի։ Այս առաքելության մասին հոկտեմբերի 6-ին հայտարարվել է Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ավարտին»։

Տարածաշրջանում Եվրոպական ցանկացած ներկայություն չի ողջունում Իրանը։ Աստանայում Ռայիսի-Ալիև կ հանդիպումից հետո հայտնել է Իրանի նախագահի՝ քաղաքական հարցերով աշխատակազմի փոխղեկավար Մոհամեդ Ջամշիդին Twitter-ում գրել է.

«Նախագահ Ռայիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հասկացրել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Նաև ցանկացած  քողի տակ եվրոպական ռազմական ներկայությունը մերժվում է: Արևմուտքը ռազմավարական առումով չի կարող մեզ շեղել»:

Տարածաշրջանում իր անվտանգությանը սպառնացող ցանկացած հավանական  վտանգ Իրանը դիտարկում է որպես  չեզոքացման ենթակա խնդիր՝ «Ռադիոլուր» հետ  հեռախոսազրույցում նկատում է  իրանագետ Նվեր Դավթյանը և նկատում, որ ԵՄ դիտորդների ներկայությունն իր հյուսիսում  մեր հարևանը հենց այդպիսի սպառնալիք է համարում։

«Իրանն իր դիրքորոշումը բազմիցս հայտարարել է և կողմ է տարածաշրջանի երկրների միջոցով, մասնավորապես՝ 3+3 ձևաչափով տարածաշրջանի երկրների շրջանակում հարցի խաղաղ կարգավորմանը։ Բնականաբար, Իրանի համար ձեռնտու չէ այլ՝ արտատարածաշրջանային ուժերի ներգրավվածություն այս խնդրի կարգավորման գործընթացում, ինչը, ըստ իրանական կողմի ընկալումների, կարող է իրավիճակն էլ ավելի բարդացնել։ Հայտնի չէ, թե այդ ուժերը ինչ գործողություններ կարող են զարգացնել, ստեղծել, ինչ զարգացումների կարող են նպաստել՝ նաև հակաիրանական տրամաբանության մեջ։ Հետևաբար Իրանի զգուշավորությունն այս տեսանկյունից հասկանալի և ընկալելի է»։   

Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու նպատակը ԵՄ-ն  ձևակերպել է՝ «վստահությունն ամրապնդելն ու դելիմիտացիային նպաստելը»։  Պաշտոնական Մոսկվան այս նպատակին այդքան էլ չի հավատում՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով հայտարարելով.

«Բրյուսելում  նախընտրում են չմտածել, թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ իրենց այդ քայլը տարածաշրջանի կայունության վրա»։

Այս հայտարարությանը նաև կոնկրետ առաջարկ հաջորդեց ՝ անձամբ ՌԴ արտգործնախարարից։ Հոկտեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը շեշտեց, որ ՀԱՊԿ-ն էլ իր հերթին է  պատրաստ դիտորդներ ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանին առաքելություն իրականացնելու նպատակով։ ՌԴ արտգործնախարարն ասել էր, որ դրա համար միայն պետք է ՀԱՊԿ ԱԽ նիստ հրավիրի կազմակերպությունում նախագահողը, որը հիմա Հայաստանն է։

«Հենց որ ազատ ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք հավանություն տալ նման առաքելությանը, և այն կանցնի իր աշխատանքների կատարմանը»։

Առայժմ պարզ չէ՝ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանը կհրավիրի՞ խորհրդի արտահերթ նիստ, թե՞ ոչ։ Հայաստանի արտգործնախարարությունից այս մասին հստակեցումներ առայժմ չեն շտապում կատարել։

Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ավելի վաղ ասել էր, որ պաշտոնական Երևանը պատրաստ է Եվրամիության դիտորդական խմբին զուգահեռ ընդունել նաև ՀԱՊԿ-ի դիտորդներին։  

«Ես չեմ տեսնում խնդիր, որպեսզի մենք հրաժարվենք որևէ կոնստրուկտիվ, դրական նախաձեռնությունից»։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի համոզմամբ՝ այս կետում  ԵՄ-Ռուսաստան մրցակցությունից խուսափել հնարավոր չի լինելու և դիվանագիտական աշխատանքից է կախված լինելու վերջնարդյունքը։

«Հայաստանի լավագույն շահերից է բխում, որ այդ մրցակցությունը «առողջ  բնույթ կրի», Հայաստանը այս մրցակցությունը չսրի։ Եթե մենք կարողանանք այնպես անել, որ այդ երկու առաքելությունները կարողանան պատշաճ արդյունքներ տալ՝ էլ ավելի լավ, որովհետև, ամեն դեպքում, այս տարածաշրջանը դժվար թե դառնա մենակ մեկ կողմի տիրապետության տակ։ Ուստի, այսպիսով, պետք է կարողանալ այս պահի դրությամբ երկուսի հետ էլ ճիշտ հարաբերություններ պահել»։

Անդրադառնալով ՀԱՊԿ հնարավոր դիտորդական առաքելությանը՝ իրանագետ Նվեր Դավթյանը նկատում է, որ իրանական պաշտոնական հաղորդագրությունների մեջ այդ մասով որևէ կարծիք կամ ձևակերպում դեռևս չկա։ Ըստ նրա՝ Իրանի համար սա  ավելի  ընդունելի տարբերակ է։

Back to top button