Տնտեսական

Դավիթ Հարությունյան.«Լեքսուս» քշեք, բայց միայն ընկերության շահույթի հաշվին

lenabadeyan
Տեսականորեն հնարավոր է Հայաստանի Էլեկտրական ցանցերը նորից ազգայնացնել, բայց համակարգի վատ կառավարումը սեփականատիրոջ կողմից դրա համար պատճառ չի կարող լինել՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հեռանկարի մասին խոսելիս այսօր Աժ-ում լրագրողներին ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Վատ կառավարիչը ՀԷՑ-երից կարող է նախ ինքնակամ հրաժարվել, իսկ պետությունը նման գործընթաց կարող է սկսել, եթե ընկերությունը խախտում է երկրի օրենքները: Կառավարությունը այս պահին չի պատրաստվում ուսումնասիրություններ սկսել՝ պարզելու, թե ինչ չարաշահումներ են թույլ տրվել ՀԷՑ-երում: Դրանում պետք է հետաքրքրված լինի հենց սեփականատերը, քանի որ թանկարժեք մեքենաների եւ առանձնատների գնումից եւ վարձակալությունից գոյացած կորուսները իրենց իսկ եկամուտներն են նվազեցնում: Այս հարցում կառավարության դիրքորոշումը հետեւյալն է.

«Ես ամբողջովին կիսում եմ ձեր կարծիքը, գողության եւ անարդյունավետ կառավարման համար սպառողը չպետք է վճարի: Շատ ճիշտ եք ասում: Պե՞տք է որևէ մեքենա քշի, թե՞ ոչ:  Դա կոչվում են ծախսեր: Արդյոք ենթադրվում է, որ որևէ բաժանմունքի ղեկավարը պետք է քշի «Լեքսուսը»: Պատասխանը հետևյալն է՝ եթե ուզում է քշել «Լեքսուս», թող քշի, բայց միայն ընկերության շահույթի հաշվին: Իսկ հանձնաժողովը ծախսերը հաշվարկելիս ասում է՝ հաճելի է, որ դուք քշում եք «Լեքսուս», բայց ես կհաշվարկեմ սահմանված կարգով՝ եթե մեքենան արժի 12 հազար դոլար, ապա կհաշվարկվի 12 հազար: Այդ բոլոր քայլերը կատարվում են: Եթե դուք հայտը համադրեք ծախսերի հետ, ապա կտեսնեք իրական տարբերությունը: Դուք կարող եք մարզադաշտ կառուցել, իհարկե կարող եք, բայց ոչ սպառողի հաշվին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Այս ասածներից արդյո՞ք ենթադրվում է, որ թանկացման հայտում նշված 17 դրամի փոխարեն սակագինը կթանկանա 3, 4 կամ 5 դրամով: Դավիթ Հարությունյանը հստակեցրեց, որ որեւէ թիվ չի ասել եւ որեւէ մեկը ոչինչ դեռ չգիտի, ամեն ինչ որոշելու է համապատասխան Հանձնաժողովը: Ի դեպ՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը կարծում է, որ ռոբերտ նազարյանի գլխավորած հանձնաժողովը ճիշտ է աշխատում եւ միշտ չէ, որ բավարարում է թանկացման հայտերը:

Back to top button