ԿարևորՀասարակություն

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը Մեծ պալատում բողոքարկում է նաև Ադրբեջանը

Այս տարվա մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով կայացրել էր վճիռ, որը վերաբերում էր Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելու իրավաչափությանը, հետագա ներմանն ու հերոսացմանը:

ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Բաքուն խախտել է կյանքի իրավունքն ու դրսևորել էթնիկ խտրականություն։ Հենց այս վճռի վերաբերյալ է Ադրբեջանը բողոք ներկայացրել ՄԻԵԴ-ի Մեծ պալատ՝ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը.
«Վարույթ ընդունելու հարցը դեռևս լուծված չէ։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում դատարանը քննարկում է բողոքները»։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ը, սովորաբար, նախ գործը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացնում, հետո միայն ըստ էության անդրադառնում բովանդակային մանրամասներին։

«Մի քանի ամիս է տևում ընդունելության մասին որոշում կայացնելը․ երկու հիմքերից մեկը պետք է պարտադիր առկա լինի, որ գործը Մեծ պալատն ընդունի վարույթ։ Նույնը վերաբերում է նաև Գուրգեն Մարգարյանի գործին։ Բարձրացված հարցը պետք է համընդհանուր նշանակության հարց լինի, համաեվրոպական նշանակության, կամ պետք է վերաբերի Կոնվենցիայի խիստ կարևոր մեկնաբանության հարցին»։

Եթե հիշատակված երկու պայմաններից մեկին Ադրբեջանի ներկայացրած բողոքը չբավարարի, ապա ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կմերժի բողոքը վարույթ ընդունելը։ Արա Ղազարյանը նկատում է, որ սովորաբար, մեծավ մասամբ, ՄԻԵԴ-ի Մեծ պալատը բողոքները մերժում է։

Թե ինչ հիմքով է Ադրբեջանը բողոքը ներկայացրել, Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ առայժմ հայտնի չէ։

«Կարող ենք որոշակի ենթադրություններ անել նախորդ փուլի փաստարկների հիման վրա, սակայն, ավելի ճիշտ կլինի, որ ծանոթանանք բողոքին, որը դատարանը կուղարկի վարույթ ընդունելուց հետո։ Այդ փուլում կարող ենք խոսել հիմքերի և դրանց հիմնավորվածության մասին»։

Այսպիսով, Բաքվի բողոքի մասին հայկական կողմը կհայտնի դիրքորոշում, երբ այդ մասին պաշտոնապես կտեղեկանա և հիմքերին կծանոթանա։ ՄԻԵԴ-ի կանոնագրքի համաձայն՝ կողմերը կարող են ընդունված վճիռը բողոքարկել երեքամսյա ժամկետում։ Մայիսի 26-ին ընդունված վճռի բողոքարկման ժամկետը լրացավ օգոստոսի 26-ին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Լևոն Գևորգյանը հայտնել էին, որ հունգարական դատարանները կատարվածը համարել էին մասնավոր հանցագործություն՝ հենվելով հունգարական դատավճռի այն հետևության վրա, որի համաձայն սպանությունը կատարելիս Սաֆարովը գործել է մասնավոր կարգավիճակով։

Մինչդեռ Մարգարյանի փաստաբանները պահանջել էին, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պատասխանատվության կանչի ոչ միայն ներման, հերոսացման և հետագա այլ գործընթացների համար, այլ նաւ սպանության մասով։ Եվրոպական դատարանը նաև պատասխանատվությունից ազատել էր Հունգարիային:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների շահերի ներկայացուցիչները, սակայն, չէին ընդունել եվրոպական դատարանի այդ դիրքորոշումը և այն բողոքարկել էին ՄԻԵԴ-ի Մեծ պալատին։

Սիրանուշ Սահակյանը վստահ է, որ ՄԻԵԴ-ի՝ մայիսի 26-ին ընդունած վճիռը բեկանվելու ռիսկեր չունի, քանի որ մի բան հստակ է. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքի արձանագրումն անխախտելի է, ինչպես նաև՝ հայերի հանդեպ էթնիկ խտրականության Ադրբեջանական ինստիտուցիոնալացված քաղաքականությունը:

Հետևաբար՝

«Բացի այն, որ մենք պետք է պահպանենք արդեն իսկ արձանագրված հաջողությունը՝ հակահայկական ատելությունը արձանագրող փաստերի և նաև կյանքի իրավունքի խախտման առնչությամբ, պետք է պայքարենք, որպեսզի վերջնական արդարությունը հաստատվի և նաև սպանության համար պատասխանատվության կանչվի Ադրբեջանը»։

Ակնկալվում է, որ բոլոր փաստերը իրենց վերջնական հաստատումը կստանան Մեծ պալատի կողմից։ Հայկական կողմի դիմումն էլ առայժմ ընդունված չէ, սակայն, Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ այն վարույթ կընդունվի, քանի որ նախկինում իրենց իրավական հարցադրումը դատարանն արդեն համարել էր կարևոր և փորձել էր այն ուղարկել Մեծ պալատ։

Մեծ պալատում գործի քննությունը ցույց կտա գործի իրավական արժեքը ու կապահովի համաեվրոպական հնչեղություն, ՄԻԵԴ-ից տրված չափանիշներն էլ ուղենիշ կլինեն մյուս պետությունների համար՝ եզրափակեց փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Back to top button