Հասարակություն

Գործազրկությունը Գեղարքունիքի հիմնական խնդիրն է

satikisahakyan

 Երիտասարդների զբաղվածությունը Գեղարքունիքի մարզում շարունակում է հիմնախնդիր մնալ, թեև տեղի հասարակական կազմակերպությունները փորձում են լուծման տարբերակներ գտնել: Սակայն դա սահմանափակվում է միայն որոշակի ծրագրերի միջոցով նրանց աշխատանքային հմտությունների ձեռքբերմամբ: Աշխատաշուկա չկա, իսկ գյուղմթերքների շուկայում էլ  գնորդ չկա: Շաղկապված խնդրի լուծումը մարդիկ փնտրում են ռուսական ափերում: 

 

Գեղարքունիքի մարզի Գավառի կենտրոնական շուկայում  դատարկ վաճառասեղաններ շատ կան, հաճախորդներն էլ քիչ են: Որոշակի ժամանակ տեսադաշտում պահելով Արարատյան դաշտում առաջինը հասունացող պտուղ-հատապտուղներով բեռնված մեքենան, նկատեցինք, որ գնորդ չունի, թեև մրգերն ու հատապտուղը վաճառվում էր համեմատաբար էժան գներով: Քաղցրաշենցիներն իրենց այգու մրգերն էին բերել։ «Ժողովուրդը փող չունի, գները մատչելի են, գալիս են համտեսում, հավանում, բայց չեն կարողանում առնել»,- ասում է վաճառողը։

Ժողովրդի գնողունակությունն ընկել է ռուբլու ցածր փոխարժեքի պատճառով, քանի որ գավառցիների հիմնական աշխատաշուկան Ռուսաստանն է: Այստեղ բնակչության հիմնակամ մասը մեկնում է արտագնա աշխատանքի, մյուսները զբաղվում են գյուղատնտեսությամբ, հիմնականում կարտոֆիլի մշակմամբ: Սակայն կարտոֆիլ մշակողների թիվն էլ է պակասել:

Մանդակ, շուշան, սիբեխ  և այլ կանաչեղեն ու սերմեր վաճառող տատիկներն ամեն օր 7-8 կմ ճամապարհ են կտրում, դաշտերից հավաքում են բնության բարիքներն ու բերում շուկա: Չարչարանքը շատ է, համբերությունն էլ՝ մեծ: Բադիկյան գյուղից ամեն օր դաշտ, հետո Գավառի շուկա է գալիս  Սոնիկ Հակոբյանը: Հինգհոգանոց  ընտանիքը կերակրելու խնդիր ունի: Շուտով ծառայությունից կվերադառնա նաև զինվոր թոռը: Անասուններ են պահում, շատ չէ՝ 2 կթու կով և 6 ոչխար, սակայն կաթնամթերքը միայն տան համար են օգտագործում:  Կաթը Գավառում հանձնվում է մեկ լիտր 100 դրամով, եթե արժեքը բարձր լիներ՝ կհանձնեին: Ինքը շուկայով, որդին՝ ուրիշների մոտ բանվորություն անելով են ընտանիքը պահում:

Գավառի երիտասարդությունը, որոնք տարբեր պատճառներով դեռ չեն մեկնել արտագնա աշխատանքի՝ պարապ են, մի քանիսն էլ ժամանակավոր զբաղմունք է գտել գյուղմթերքի վերավաճառքում:

Երիտասարդության հարցերով զբաղված Գավառի «Գեղարեգ»  կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Դաշտոյանի տեղեկացմամբ՝ դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրենք նպաստում են տեղի երիտասարդների   աշխատանքային հմտությունների ձեռքբերմանը:

Կազմակերպության կամավորները,  ըստ Գրիգոր Դաշտոյանի, ակտիվորեն մասնակցում են համայնքային խնդիրների բարձրացմանն ու դրանք տեղական բյուջեի ծախսում ներառմանը:

Բնակչության զբաղվածությունը մասամբ   ապահովելու նպատակով տեղի երիտասարդներին նախատեսվել է դոնոր հիմնադրամի ֆինանսավորմամբ, ցածր տոկոսադրույքներով վարկեր  տրամադրել: Այդ միջոցներով հիմնվելու է  ջերմոց, գեղեցկության սրահ և այլն, իսկ սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքներին հատկացվել են մորու տնկիներ:

«Գեղարեգ»  կրթամշակութային հասարակական  կազմակերպությունում երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքները տվել են ցանկալի արդյունքներ: Բանակ զորակոչված տղաներն արժանապատվորեն են ծառայում հայրենիքին ու շարունակում են  արժանանալ պատվոգրերի ու շնորհակալագրերի: Անցած տարի «Գեղարեգը» դարձել է «Հայկյան» մրցանակակիր:

Back to top button