Տնտեսական

Գնումները դարձնել հնարավորինս թափանցիկ. ՋՏՊԿ- ի եւ KfW- ի ղեկավարների հանդիպումը

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW)  հայաստանյան  ներկայացուցչության ղեկավար Զառա Չատինյանին: Տիկին Չատինյանը Կոմիտեի նորանշանակ նախագահին ներկայացրեց Հայաստանում   բանկի իրականացրած ծրագրերը, ինչպես նաև՝ ընթացիկ ծրագրերի մանրամասները:
Ըստ տիկ. Չատինյանի՝ կարևորագույն ծրագրերից է «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրը»: Այս պահին  իրականացվում է մանրամասն նախագծման աշխատանքների  խորհրդատուների
ընտրության գործընթաց: Այս ծրագրում KfW բանկի ֆինանսական մասնակցությունը կազմում է 30 մլն. եվրո:
KfW բանկի ներկայացուցիչը առանձնացրեց նաև Շիրակի մարզում նախատեսված բիոլոգիական մաքրման կայանի շինարարության ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.5 մլն. եվրո: Ըստ ծրագրի՝ շինարարական աշխատանքները կտևեն 3 տարի:
Արսեն Հարությունյանը կարևորեց KfW բանկի գործունեությունը Հայաստանում և պատրաստակամություն հայտնեց առավել սերտ համագործակցել: «KfW բանկը այն կառույցներից է, որն առավել ուշադիր և մանրակրկիտ է մոտենում մրցույթային գործընթացներին: Իմ կարծիքով, գնումների մրցույթային գործնթացները պետք է կազմակերպվեն հնարավորինս հստակ և
ընկալելի չափորոշիչներով՝ ապահովելով բարեխիղճ մրցակցություն և հնարավորինս շատ թվով ընկերությունների մասնակցություն, ինչը թույլ կտա ոչ միայն որակական ընտրություն կատարել, այլև՝ ապահովել ողջ գործընթացի առավելագույն թափանցիկությունը»,- նշեց Ա. Հարությունյանը:

Ջրային պետական կոմիտեի մամուլի ծառայությունը նաեւ հայտնում է, որ KfW բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվում է   «Համայնքային ենթակառուցվածների ծրագիրը», որի ընդհանրուր արժեքը կազմում է 74 մլն. եվրո: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է ծրագրի նախագծման մրցույթը, կնքվել են համապատասխան պայմանագրեր:

Back to top button