Հասարակություն

Գները նույնն է՝ ասում են գնորդները. բացվեց գյուղմթերքի տոնավաճառը

hasmikdilanyan

Այսօրվանից վերաբացվել է Կասյան փողոցում գործող գյուղատնտեսական մթերքի տոնավաճառը:  Այն գործելու է  հանգստյան օրերին: Մոտ քսան օրից նմանատիպ շուկա կբացվի նաև Մաշտոցի պողոտայում: Գյուղացին գոհ է՝ անվճար տարածք ու կշեռք են ստանում, նաև՝ բերքը վաճառելու հնարավորություն:  Գնորդների ակնկալիքները, սակայն,  մեղմ ասած, չեն արդարանում՝ առաջին ձեռքից վաճառվող գյուղմթերքն էլ է թանկ:  Գյուղմթերք վաճառող գյուղացիներն ու պաշտոնյաները այս հարցում համակարծիք են՝ ապրանքը թանկ չէ, պարզապես գնողներն են ցանկանում այն ավելի ցածր գնով ձեռք բերել: Գյուղատնտեսության նախարարն ու Երևանի քաղաքապետն են այսօր տոնավաճառ այցելել, նրանք դատարկաձեռն չեն հեռացել շուկայից:

 

Արարատյան  դաշտավայրի բերքն ու բարիքը Արաբկիր վարչական շրջանում , ավելի կոնկրետ՝ Կասյան փողոցում:  Միրգ ու բանջարեղեն,  հատապտուղ ու գինի, արևածաղիկև   մեղր: Արարատի ու Արմավիրի մարզի  մի շարք գյուղերի բնակիչներ իրենց աճեցրած բերքն ու բարիքն այս տարի էլ  հանգստյան օրերին  անձամբ  վաճառելու  հնարավորություն ունեն:  Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական տարվանից դեռ գոհ են, դժգոհ են միայն խաղողի բերքից:

Նախորդ տարվա համեմատ քիչ է՝ ասում են։ Դժգոհությանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնագիտորեն է պատասխանում. «Ամեն տարի խաղողը նույն բերքը չի տալու: Անցյալ տարի  շատ ծանրաբեռնված էր, 40 տոկոս ավելի բերք տվեց: Մի տարի էլ պետք է մի քիչ հանգստանա»։

Այսօր բացված գյուղմթերքի շուկայից գյուղացին գոհ է, կարողանում են իրենց արտադրանքն անձամբ վաճառել, ավելին՝ ցանկանում են, որ շուկան գործի նաև աշխատանքային օրերին։ «Ամսվա մեջ մի անգամ կարող է լավ առևտուր անես, պետք է ամեն օր լինի: Մարդիկ տեղյակ չեն, որ շուկա կա: Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղից եմ, վաճառում եմ վարունգ, սալոր, կեռաս, խաղողի տերև: Մենակ խաղողն է  քիչ: Ահագին օգուտ է տալիս գյուղացուն»,- ասում է։

Գյուղացին գոհ է, գնորդների մեծ մասը՝ դժգոհ. առաջին ձեռքից գնվող գյուղմթերքն էլ է թանկ, համեմատում են  մոտակա կրպակներում վաճառվող ապրանքի հետ ու մխիթարվում, թերևս,  թարմ մթերքով ու  գնվող ապրանքի  ճիշտ քաշով։ «Գների մեջ տարբերություն չկա, բայց որ մթերքը թարմ է, դրանում ոչ մի խոսք, ճիշտ են կշռում, ներվեր չեն ուտում: Կոմիտասի շուկայում ավելի էժան է, քան այստեղ»։

Գյուղմթերք վաճառող գյուղացիները  գնորդների կարծիքը , բնականաբր, չեն կիսում։ Գյուղատնտեսության նախարարն էլ է կարծում, որ գյուղմթերքի շուկայում գները բարձր չեն:  Ավելին, վստահեցնում է՝ հիմնականում  գնորդները  գոհ են գներից։

Դավիթաշեն վարչական շրջանի   բնակիչներից մի քանիսը, ովքեր տոնավաճառ էին այցելել, ցանկանում էին իրենց շրջանում էլ նմանատիպ շուկա ունենալ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիշեցրեց, որ մոտ քսան օրից Մաշտոցի պողոտայում  էլ նմանատիպ շուկա կբացվի:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ նշեց, որ նախատեսվում է նաև կաթնամերթի նմանատիպ շուկա նույնպես ունենալ:

Պաշտոնյաները  գյուղմթերքի տոնավաճառից դատարկաձեռն չհեռացան՝ Սերգո Կարապետյանը  բալ  ու կարմիր հաղարջ,   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ՝ բալ  գնեցին:

Back to top button