ԿարևորՀասարակություն

Բնապահպաններ. Անտառահատումները Հայաստանում կազմակերպված բնույթ են կրում բիզնես կառույցների կողմից

arminegevorgyan

Բնապահպանները ահազանգում են, որ Հայաստանի տարբեր մարզերում  ապօրինի անտառահումները շարունակվում են: Պաշտոնական տվյալների համաձայն`անտառները կազմում են  Հայաստանի տարածքի 11,2%- ը, սակայն սրանք  1991թ-ի տվյալներ են: «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանն ասում է, որ այսօր այն կազմում է  5-6%, քանի որ  վերջին տարիներին ապօրինի անտառահատումներն  ավելի հաճախ են իրականացվում:  «Համահայկական բնապահպանական ճակատ»  քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանն էլ նշում է,որ անտառահատումները իրականացվում են կազմակերպված ու ամենաբարձր մակարդակով, այլ ոչ թե գյուղացիների կողմից:

 

«Հայաստանի անտառներ» բնապահպանական հասարակական  կազմակերպությունը  20  անտառամերձ համայքներում  իրականացրել է ուսումնասիրություն և պարզել, որ անտառահատումների հիմնական   պատճառները բնակչության սոցիալական վիճակն է  և  հանքարդյունաբերությաւն զարգացումը:

Նազելի Վարդանյանը նկատում է, որ մի կողմից հանքարդյունաբերությունը գերշահույթներ է ստանում, բայց մյուս կողմից  էլ անտառապահպանման աշխատանք չի իրականացվում: Վերջինս անդրադառնում է «ԹԵՂՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին՝ հիշեցնելով, որ կառավարության որոշման համաձայն՝ ընկերությունը որքան տարածք հատում է, կրկնակի  տարածքում պետք է ծառատունկ իրականացնի:

Ըստ  ծրագրի՝ 357 հա անտառհատումների դիմաց պետք է 714 հա անառատարածք  ստղեծվեր, բայց  ուսումնասիրություններ  ցույց են տվել որ ընկերությունը, մեղմ ասած, որևէ քայլ չի ձեռնարկել:

«Շնող գյուղում ընդամենը մի քանի ճյուղեր է եղել, տարածքի մի մասն էլ այրված է եղել, այսինքն` 17 հա տարածք վերականգնելու տեղը 17 ծառ չէիք տեսնի: Օձուն գյուղում` սարի գլխի ամենաբարձր մասում, տնկվել էին կաղնու սերմեր, այն դեպքում, երբ այդ տարածքում բացարձակ ջուր չկա, իսկ Օձունում առանց ջրելու կաղնու սերմերով չեն կարող անտառ վերականգնել»,- ասում է  «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահը՝ պատմելով կազմակերպության՝ Լոռու մարզի մի շարք համայնքներ այցի մասին։

Նկատենք, որ կառավարության որոշմամբ` անտառամերձ տարածքներում բնակվող բնակիչներին տրվում է 8 մ խորանարդ թափուկ, սակայն գյուղացիներին ասել են, որ այդ թափուկները չեն կարողանում հավաքել, քանի որ ճանապարհ չկա, հետևաբար նրանք փայտը գնում են շատ թանկ գնով:

Նազելի Վարդանյանը համոզված է, որ ապօրինի անտառահատումներն իրականացնում են ոչ թե գյուղացիները, այլ կազմակերպված ձևով, այսինքն՝  նրանք, ովքեր զբաղվում են այդ բիզնեսով:

Բնապահպանի հետ համակարծիք է  «Համահայկական բնապահպանական ճակատ»  քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը, ով նշում է, որ իրենք բազմաթիվ բողոքներ են ստացել բնակիչներից, որ  Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում կատարվում են ապօրինի անտառահատումներ:

Բացի դա՝ բնապահպանները մոնիտորիգ են իրականացրել ու պարզել են, որ սարսափելի իրավիճակում են գտնվում  հատկապես Լոռու և Տավուշի մարզերի անտառային տարածքները: Լևոն Գալստյանը  ավելի քան համոզված է, որ ապօրինի  անտառահատումներն իրականացվում են ամենաբարձր մակարդակով ու այստեղ անզոր են անգամ  անտառապետն ու անտառապահը:

Լևոն Գալստյանին, սակայն, հակադարձում է Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Գարիկ Միրզոյանը, ով նշում է, որ որևէ կազմակերպված անտառհատում չի իրականացվում:

2015 թ․-ի սեպտեմբերի 20-ին «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության իրականացրել էր շրջայց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տարածքում և հայտանաբերել, որ այնտեղ  իրականացվել են կազմակերպված ապօրինի անտառահատումներ։ Շիկահողի արգելոցին հարակից երկու տեղամասերում կատարած կարճատև տեղազննումների արդյունքում հայտնաբերել են տարբեր տեսակի և տարիքի թարմ հատված մոտ 70 ծառի կոճղեր, տեղափոխման համար նախապատրաստված փայտանյութի բազում կույտեր, անտառահատման գործիքներ և անտառանյութով բեռնված առանց պետհամարանիշերի բեռնատարներ։

Այս դեպքին անդրադառնալով՝ ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Գարիկ Միրզոյանը նշեց,որ  իր կողմից միջնորդագիր է ներկայացվել, և Ճակատենի անտառապետության անտառապետը և տվյալ պահաբաժնի անտառապահը ազատվել են  աշխատանքից ու հարուցվել է քրեական գործ:

 

Back to top button