Տնտեսական

«Բյուջե 2013- ը» կխթանի միայն արտագաղթը, ասում է Հրանտ Բագրատյանը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Ո՞ւր է կորել Հայաստանի պետական բյուջերց 1 մլրդ դոլարը. ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը փնտրում է «կորած» փողը, հարցնում կառավարությանը, սակայն սպառիչ պատասխան չի ստանում: Պետք է գնալ ու գտնել այդ փողերը, ասում է վճռական տրամադրված նախկին վարչապետը։
Հրանտ Բագրատյանը, կարծես, գիտի՝ ուր կարող են լինելու փողերը՝ նախարարների ու պատգամավորների լրացուցիչ ծախսերն են դրանք։
Նման բյուջեն նա ցինիզմ որակեց ու կեսկատակ կեսլուրջ ավելացրեց, որ «Բյուջե 2013- ը» կխթանի միայն արտագաղթը:

Եթե անգամ արդյունաբերությունը աճ գրանցի, ապա ստացված գումարը ծախսելու տեղ չկա հանրապետության ներսում այդ գումարը պետք է դուրս տանել, քանի որ անգամ հողը մշակելն օգուտ չի տալիս, ասում է Բագրատյանը։

Նա վստահ է, որ կուտակային կենսաթոշակի անցնելու դեպքում նույնպես գումարի 50 տոկոսը դուրս է տարվելու երկրից: ՀԱԿ պատգամավորի կարծիքով՝ միանգամից 500 մլն դրամ կենսաթոշակային կապիտալ ունենալը սխալ է։ Ցանկացած բիզնես հիմնելիս մտածում եք, թե սպառողը ով է, իսկ սրա մասին կառավարությունը, նրա կարծիքով, կարծես մոռացել է

«Ես հասկանում եմ՝ ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանը գումարն ուզում դուրս տանել երկրից: Ուզում է հաճոյանալ Արևմուտքին»։

Ամեն ինչ անելու ենք, որ փողը երկրից դուրս չտարվի, խոստացավ նախկին վարչապետը՝ վստահեցնելով, թե կպայքարի մինչև վերջ։

Բացի կուտակային կենսաթոշակային համակարգի  դեմ պայքարից առաջիկայում պայքար է սպասվում նաև ներքաղաքական դաշտում: Եկող տարվա փետրվարին սպասվող նախագահական ընտրություններից առաջ, ըստ մամուլի որոշ հրապարակումների, ՀԱԿ-ի այլընտրանքային թեկնածուն հնարավոր է լինի Հրանտ Բագրատյանը:
Լրագրողներին հետաքրքրող այս հարցին նախկին վարչապետը պատասխանեց, թե ՀԱԿ-ը պետք է և կունենա թեկնածու:

Թողնել պատասխան

Back to top button