Քաղաքական

Արման Սահակյանը հրաժարական տվեց

Արման Սահակյանը հրաժարվեց Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի հայրենակիցներ՝ գործընկերներ, թիմակիցներ ու ընկերներ. ես որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից: Շուրջ յոթնամյա գործունեությունս ամփոփում եմ վստահությամբ ու հանգիստ խղճով, քանի որ իմ կենսագրության մեջ ավելացող այս մի տողը ևս կվկայի, որ աշխատել ու գործել եմ ուժերիս ներածին չափով և կարողացել եմ ինձ վստահված այս մի ոլորտում ևս հաջողություններ արձանագրել», — գրել է Սահակյանը:

Նա շնորհակալություն է հատնել ՊԳԿՎ աշխատակազմին, իր գործընկերներին ու թիմակիցներին՝ արդյունավետ համագործակցության համար։

«Միասին կարողացել ենք շատ խնդիրներ լուծել ու աշխատող ծրագրերով առաջ գնալ: Այդ ամենի մասին պարբերաբար հրապարակային խոսել եմ, սակայն այսօր միայն մեկը հիշատակեմ. նպատակ դրեցի և կարողացա գործընկերներիս հետ հիմնովին ու համակարգված լուծել հանրակացարաններում ապրող մեր հազարավոր հայրենակիցների սեփականության խնդիրը:

Հեռանալով պետական ծառայությունից՝ չեմ հեռանում քաղաքականությունից, հատկապես, որ մոտ մեկ տարի առաջ իմ թիմակիցների ու համակիրների հետ համոզիչ հաղթանակ արձանագրեցինք խորհրդարանական ընտրություններում: Այսօր առավել ևս իմ ընտրողներին հուսախաբ անելու իրավունք չունեմ և կշարունակեմ լինել իրենց կողքին»:

Հիշեցնենք, որ Արման Սահակյանը Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին է։

Back to top button