Քաղաքական

Ավետիք Իշխանյան. Շանթ Հարությունյանի դատավճիռը՝ դաժան հաշվեհարդար հասարակությանը սաստելու նպատակամիտմամբ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում անցած շաբաթավերջին ավարտվեց «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատավարությունը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտեց 6 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդին ՝ 15-ամյա Շահեն Հարությունյանը, դատապարտվեց 4 տարի պայմանական ազատազրկման։ Դատավճռին այսօր անդրադարձել են Ազատ Արշակյանը, Հելսինկյան կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչ Ավետիք Իշխանյանը եւ «Բարեփոխում» ՀԿ նախագահ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

 

 

Եթե դա քրեական ակցիա էր, որի մեջ ներքաշված էր նաեւ անչափահաս, ապա՝ իրավապահ մարմինները պիտի ժամանակին դա կանխեին եւ ոչ թե անգոծության մատնվեին: Իսկ եթե չի եղել անգործություն, ապա այդ գործընթացը քրեական տարրեր իր մեջ չի ունեցել: Այսպես ձեւակերպեց ԽՍՀՄ ժամանակների այլախոհ Ազատ Արշակյանը:

Նա կարծում է, որ Շանթ Հարությունյանի կազմակերպած հեղափոխությունը պարզապես բեմականացում էր, քանի որ նախապես ամեն ինչ հայտարարվել էր, իսկ եթե կար բեմականացում, ապա՝ չպետք է թույլ տրվեր, որ ներկայացումը դառնար քրեական գործ, որի վերջնաարդյունքում կորցնում ենք բոլորս: Ինչ վերաբերում է դատարանի կայացրած որոշմանը:

«Այստեղ ինչ-որ արջի ծառայություն է եղել: Կամ ոստիկանությունը կամ քաղաքական իշխանությունը զոհ է: Մենք շատ վտանգավոր ժամանակներում ենք ապրում եւ պետք է բոլորը պետք է ընդգծված պատասխանատվությամբ մոտենան իրենց արարքներին: Համարում եմ, որ անպատասխանատու ակցիա է տեղի ունեցել եւ անպատասխանատու վճիռ է կայացրել դատական համակարգը, որից տուժելու ենք բոլորս»:

Իշխանական համակարգում չկա փոխըմբռնում՝ եզրակացրեց Ազատ Արշակյանը, հակառակ դեպքում՝ ամեն ինչ կկանխվեր, որովհետեւ կատարվածը, նրա ձեւակերպմամբ, ոչ հեղափոխություն էր, ոչ էլ քրեական գործ:

«Բարեփոխում» ՀԿ նախագահ Կարինե Հակոբյանի գնահատմամբ՝ կայացված դատավճիռն էլ ավելի մեծացրեց այն անջրպետը, որն, ըստ նրա, գոյություն ունի իշխանության եւ հասարակության միջեւ:

«Մեկ անգամ եւս հաստատում է, որ մեր արդարադատությունը երկու ոտքով կաղում է, որովհետեւ արդարադատությունը ոչ թե օրենքի մանրախնդրությունն է, այլ արդարության պաշտպանությունը, իսկ այս տեսանկյունից Շանթ Հարությունյանը արտահայտում էր մեր բոլորի անհանգստությունը Հայաստանի ապագայի նկատմամբ»:

Հելսինկյան կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ՝ կայացված վճիռը դաժան հաշվեհարդար է՝ հասարակությանը սաստելու նպատակամիտմամբ:

Միաժամանակ՝ Ավետիք Իշխանյանը նկատեց, որ չկար հասարակական մեծ աջակցություն եւ նաեւ դրա արդյունք էր դատավճիռը: Եթե Շանթ հարությունյանն ու ընկերները երկար ժամանակ մնան ճաղերի ետեւում, դա կլինի ամբողջ հասարակության խարանը՝ եզրափակեց Հելսինկյան կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

Back to top button