ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Առողջապահական ծրագրերը կփոխհատուցվեն օֆերտայի սկզբունքով․ ի՞նչ են տալիս փոփոխությունները

Կառավարության 2023-ի տարեվերջյան որոշմամբ պետպատվերի շրջանակներում փոխհատուցվող առողջապահական ծրագրերի մեծ մասը սկսվեց փոխհատուցվել օֆերտայի՝ պայմանագրային գումարի բյուջեի չսահմանափակման սկզբունքով։ 2020 թվականից այս սկզբունքով իրականացվող 29 ծրագրերին 2024-ին ավելացել են ևս 30-ը։ Հերթագրումներից խուսափում, բուժահաստատությունների մրցունակության բարձրացում և այլ նոր հնարավորություններ են տալու այդ փոփոխությունները՝ նշում է ԱՆ ներկայացուցիչը։

Եթե նախկինում բուժառուները ստիպված ընտրում էին բուժհաստատություններ, որտեղ տվյալ պահին առկա է պայմանագրային գումարի մնացորդ, կամ հերթի տևողությունն ավելի կարճ է, տարեսկզբից այս սահմանափակումները վերացվել են։

«Եթե բուժառուն գնում է այն հաստատությունը, որն ընգրկված է այս ծրագրում, գումարը համապատասխանաբար փոխանցվելու է այդ կազմակերպությանը։ Այսինքն՝ պայմանագրային գումարով պայմանավորված սահմափակումներ այլևս չկան»։

Նախկին մոտեցման համաձայն՝ հերթագրումն իրականացվում էր հիմք ընդունելով բուժհաստատությունների սահմանաչափերը: Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանի խոսքով՝ եթե  հիվանդանոցն ամսական ուներ «իքս» գումարի սահմանաչափ, բայց դա արդեն սպառվել էր անհետաձգելի բուժման ենթակա դեպքերի մեծ քանակի պատճառով, ապա այդ  բուժհաստատությունում պլանային  բուժման համար հերթագրում հնարավոր էր իրականացնել միայն հաջորդ ամիսներին: Մեկ տարվա սահմանաչափը սպառվում էր գրեթե կես տարում:

Նոր համակարգը գործում է արդեն 2 ամիս։ Ինչպես կանխատեսվում էր, որոշակի ծրագրեր անհամամեմատ ավելի առաջանցիկ տեմպերով են գնում, քան պետական բյուջեից հատկացված միջոցներն են՝ նշում է Ահարոն Բարսեղյանը։

«Դա հիմնականում վերաբերում է արտահիվանդանոցային պայմաններում դժվարամատչելի հետազոտություններին, որոնց մեջ առյուծի բաժին են կազմում համակարգչային շերտագրության և մագնիսառեզոնանսային տոնոգրաֆիայի հետազոտությունները։ Որոշակի աճ ունենք նաև նախկին օֆերտայում ընգրկված հեմոդիալեզի ծառայությունների, ուռուցքաբանական հիվանդությունների մասով։ Բայց այս ամենը մենք դեռ կրիտիկական չենք գնահատում, այս փուլում ամեն ինչ դեռևս գնում է նախապես պլանավորված սցենարով»։

Նշված պարագայում առողջապահության ոլորտում ֆինանսական բեռի ավելացման ռիսկ կա։ Սակայն կառավարության որոշմամբ նաև ելակետեր են սահմանված։

«Առաջին կիսամյակից հետո յուրաքանչյուր ամսվա համար սահմանված են համապատասխան ելակետեր, որոնցից յուրաքանչյուրին հասնելու դեպքում, տվյալ ծառայության մասով կիրառվելու է հերթագրման մեխանիզմը։ Կառավարության որոշմամբ մենք փորձել ենք ֆինանսական միջոցների լրացուցիչ պահանջարկի ռիսկը նվազեցնել, բայց բացառել չենք կարող»։

Նոր մոտեցման մյուս դրական կողմն այն է, որ խթանվելու է բուժհաստատությունների միջև մրցակցությունը: Քաղաքացին ցանկանալու է սպասարկվել ավելի որակյալ ծառայություն մատուցող հիվանդանոցում, և այն բուժհաստատությունները, որոնք քիչ պացիենտներ կունենան, արդեն ստիպված կլինեն աշխատել իրենց զարգացման վրա:

«Բուժառուի՝ բուժհաստատության ընտրության հիմնական չափանիշը մնում է միայն մատուցված ծառայությունների որակն ու բուժառուի գոհունակության աստիճանը»։

Այս փուլում նոր համակարգը Առողջապահության նախարարությանը պայմանագրային գումարով բուժօգնության կազմակերպման անհրամարությունների վերացման հնարավորություն է տալիս՝ նշում է Ահարոն Բարսեղյանը։ Կվերանա պարբերաբար իրականացվող կազմակերպությունների պայմանագրային գումարների հաճախակի վերաբաշխման անհրաժեշտությունը, որոշակի ժամանակահատված բուժօգնությունը կկազմակերպվի առանց հերթագրումների: Պետպատվերի շրջանակներում բուժօգնություն մատուցող հաստատությունների թիվն ամբողջ հանրապետության տարածքում 464 է։

Back to top button