ԿարևորՀասարակություն

Աջակցություն Արցախին

Արմավիրցիներն առաջին օրվանից օգնության ձեռք են մեկնել ու շարունակում են աջակցել  Արցախին:  Առաջին անհրաժեշտության ապրանքներն  ուղարկում են  ոչ միայն զինվորներին, այլև ապաստարաններում թաքնված մեր հայրենակիցներին:

Արմավիրցիները հակառակորդի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից զենք են վերցրել ու մեկնել Արցախ՝ պաշտպանելու մեր հայրենիքը:  Մի մասը սահմանին, մյուս մասը թիկունքում իրար զորակցելով պայքարում են մեկ ընդհանուր թշնամու դեմ:

Արդեն 2 շաբաթ Արմավիր քաղաքի հրապարակում արմավիրցիները հավաքում և Արցախ են ուղարկում առաջին անհրաժեշտության իրեր ու սննդամթերք: Անցորդներն անտարբեր չեն.

«Ընտանիքներով  են գալիս՝ երեխաների ձեռքը բռնած, ովքեր ինչ որ մի բանով կարողանում են, օգնում են, ամենակարևորը՝ սիրով ու հոժարակամ»:

«Բոլորից, բոլորից շատ գոհ ենք, գեղեցկության սրահներ, բանկեր, խանութներ, նույնիսկ առաքիչներն են անցնելուց տալիս»:

Ռազմաճակատում կռվող մեր զինվորներին օգնելու նպատակով Վահան Մովսիսյանն ընկերների հետ նախաձեռնեց աջակցությունն ու անցավ գործի՝ այդ մասին  տեղեկացնելով սոցիալական տարբեր հարթակներում: Արձագանքը չուշացավ, օգնության ձեռք մեկնեցին տնտեսվարողները, անհատները, արտերկրի մեր հայրենակիցները: Բերում են ոչ միայն Արմավիր քաղաքից, այլ նաև հարակից գյուղերից.

«Դեղորայք, ջուր, սնունդ, տաք շորեր, ադեալներ, բաճկոններ: Մանկական հագուստն ու կանացի հագուստը հավաքվում է առանձին: Իմացանք, որ հոսպիտալում հենակների կարիք կա, դա էլ բերեցին,ուղարկում ենք նաև փորող գործիքներ՝ բահ, լապատկա»:

Հավաքված ապրանքները նույն օրն էլ տեղափոխվում է Արցախ: Վահանն անցած տարի է զորացրվել:  Զինվորական համազգեստը պատրաստ պահել ու սպասում է իր կանչին:  Կամավորագրվել էր դեռ վարչապետի հայտարարությունից առաջ.

«Իմ պոստերի շորն է սա: Ես սրանով 20 ամիս պոստ եմ պահել: Արմավիրի զինկոմիսարիատում կամավոր եմ գրվել, բայց դեռ չեն կանչել, մինչև կանչելն էլ ամենափոքր բանը, որ կարող ենք անել՝ սա է»:

Նախաձեռնությանը միացել են նաև երեխաները, որոնք ցանկանում են ինչ որ ձևով օգնել կռվի դաշտում գտնվող իրենց եղբայրներին ու հարազատներին, նրանց ովքեր պատսպարվել են ապաստարաններում: Երեխաները որոշել են զինվոր դառնալ, բայց հիմա ամենից շատ խաղաղություն են ուզում, որի համար այլ տարբերակ չկա՝  հաղթելու ենք:

Back to top button