Քաղաքական

Աշոտ Մանուչարյան.«Այսօր ունենք տոն, բայց չունենք անկախություն»

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մեր երկրի Անկախության 21-րդ տարեդարձի օրը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը ներկայացրեց իր դիտարկումները Հայաստանի Հանարապետության նորօրյա պատմության և ներկայիս վիճակի շուրջ:

Շնորհավորելով լրագրողներին Անկախության տարեդարձի առթիվ, կարծիք հայտնեց, որ 21 տարի առաջ չունեինք տոն, բայց ունեինք անկախություն, սակայն այսօր ունենք տոն, բայց չունենք անկախություն:

Անցյալ դարի 80-րի վերջի ազգային վերելքը և դրան հետևած Անկախության հանրաքվեն «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը հիշում է որպես մի զարմանալի ժամանակ: «Մենք 1988-ից դարձանք ազատ մարդ: Այդ մարդը ստեղծագործող, պատասխանատու, ներդաշնակ միջավայր ստեղծող մարդ էր: Այդ ժամանակ հանցագործությունների թիվը Հայաստանում մի քանի տարի շարունակ զրո էր: Մարդիկ ջերմություն էին տալիս շրջապատին ու ստանում»,- ասաց նա և նշեց, որ այդ մարդիկ պատրաստ էին սարեր շրջել, ինչը և արեցին:

Ինչպես նշեց քաղաքական գործիչը, այն օրերին տիրող ֆանտաստիկ մթնոլորտի հզոր ներուժի շնորհիվ կայացավ մեր նոր պետությունը, և աշխարհասփյուռ հայությունը ձեռք բերեց իր Հայրենիքը: Անդրադառնալով ներկայիս իրականությանը Մանուչարյանը, որպես ազգային անվտանգության հարցերով ՀՀ նախագահի նախկին խորհրդական, ներկայացրեց իր սեփական դիտարկումները:

Հայաստանի քաղաքականության կախյալ վիճակը, ըստ Մանուչարյանի, պայմանավորված է դրսից ներկայացված ազատական-ժողովրդարական արժեքներով սրվակի ընդունմամբ:

Արդյունքում ձևավարվեց մեր ժողովրդի համար կործանարար մտածելակերպ, որը շատ հեռու է 80-րի վերջի վերելքից: Ստեղծված իրավիճակը փոխելու ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հստակ քայլեր: 1996 թվականին նախագահական ընտրություններին մասնակցած Աշոտ Մանուչարյանը գալիք ընտրությունները դիտարկում է, որպես հարմար հարթակ դրա համար:

Անդրադառնալով ներկայիս ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակին Մանուչարյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանին չի սպառնում պատերազմ: Սակայն միևնույն ժամանակ նա չբացառեց, որ ցանկացած պահի այդ սպառնալիքը կարող է ի հայտ գալ:

Այսպիսով, նախկին խորհրդականը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի ռազմանականացումը ուղղված է Իրանի դեմ և կանխում է Ռուսաստանի ծավալումը այս տարծաշրջանում:
«Բայց մենք չենք կարող հանգիստ երկար նայել, որ Ադրբեջանում այպիսի մեքենա է ստեղծվում: Հայաստանը պետք է ունենա համապատասխան զսպող զենք»,-ասաց նա:

Աշտ Մանուչարյանը կարևորեց անվտանգության ապահովման իրականացումը: ՀՀ-ի անվտանգությունը չպետք է լինի ինչ-որ մեկի ձեռքում, եթե նույնիսկ այդ մեկը հավասարակշռությունն է աշխարհաքաղաքական ուժերի, նշեց նա:

Թողնել պատասխան

Back to top button