Միջազգային

ԱՄՆ ԱԱԳ-ն գաղտնալսել է Պան Գի Մունին, Մերկելին, Բեռլուսկոնիին ու Սարկոզիին

WikiLeaks կայքը, որը հայտնի է, մասնավորապես, ամերիկյան հետախուզության գործողությունների բացահայտումներով, հրապարակել է հերթական գաղտնի նյութերը, որոնք վկայում են այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է համաշխարհային առաջնորդներին, փոխանցում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այն ժամանակ Իտալիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սիլվիո Բեռլուսկոնիի միջև, ինչպես նաև ժամանակին գաղտնալսել Մերկելի և Բեռլուսկոնիի հետ Նիկոլա Սարկոզիի զրույցները։

Բացի այդ, ձայնագրության տակ են հայտնվել Առևտրի համաշխարհային կազմակերպության թեմայով ԵՄ-ի և Ճապոնիայի առևտրի նախարարների զրույցները։

WikiLeaks-ի տվյալներով՝ Պան Գի Մունի և Մերկելի զրույցի ընթացքում խոսքը գնացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի մասին։ Նեթանյահուն խնդրել է Բեռլուսկոնիին օգնել կապ հաստատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, իսկ Սարկոզին Բեռլուսկոնիին նախազգուշացրել է իտալական տնտեսության վիճակի մասին։

Back to top button