Քաղաքական

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում դատապարտել Բաքվի հարձակումը ղարաբաղյան օդուժի վրա

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) ԱՄՆ-ի Կոնգրեսին կոչ է անում դատապարտել Բաքվի հարձակումը ղարաբաղյան օդուժի անզեն ուղղաթիռի վրա:

Ընտրողներին հորդորվում է կապվել իրենց ընտրատարածքների սենատորների և ներկայացուցիչների հետ և նրանց Ադրբեջանի գործողությունն անհապաղ դատապարտելու կոչ անել: Կից ներկայացվում են պաշտոնատար անձանց կոնտակտները, որոնցով նրանց կարելի է հղել կոչը:

Կազմակերպության կայքում տարածված հաղորդագրության մեջ մանրամասն ներկայացվում է նախօրեի միջադեպը, երբ զորավարժությունների ժամանակ արցախյան ուժերի ուղղաթիռը խոցվել էր Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է անձնակազմի 3 անդամ:

Նշվում է, որ այս կերպ Ադրբեջանը ևս մեկ անգամ խախտում է 1994-ի հրադադարը և մարդկային կյանքերի կորստի համար զղջում արտահայտելու փոխարեն ռազմական մեդալ է շնորհում ուղղաթիռը խփողին:

ԱՄՆ-ի իշխանությունների ուշադությունն է հրավիրվում, որ Արցախը ժողովրդավար երկիր է, որը ձեռք է մեկնել խաղաղությանը, Ադրբեջանը բռնապետություն է, որի քայլերթը պատերազմական է, իսկ ԱՄՆ-ն ժողովրդավարության և խաղաղության ջատագովն է:

Back to top button