Տնտեսական

Աղքատությունը կկրճատվի, բայց քիչ տոկոսով. տնտեսագետ


Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է այս տարվա անցած յոթ ամիսների նախնական տնտեսական  ցուցանիշերը:  Թվերը խոսում են արդյունաբերական արտադրանքում, ներմուծման ու արտահանման ցուցանիշերում, ինչպես նաև ծառայությունների ոլորտում  երկնիշ աճի մասին: Փորձագետները, սակայն, կարծում են, որ մակրոտնտեսական ցուցանիշերի նկատմամբ հավատն ավելի շատ ոչ թե թվերից է կախված, այլ՝ հասարակության ու տնտեսվարողի կյանքում  տեղի  ունեցող դրական փոփոխություններից, որոնք այս պահին դեռ չեն նշմարվում:

 

 

Մոտ մեկ ամսից կլրանա Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին:  Փորձագետները գնահատականներ դեռ կտան, կփորձեն հասկանալ՝ տնտեսական ինչ փոփոխություններ կատարվեցին անցած մեկ տարվա ընթացքում:  Իրականացվող փոփոխությունների հիմնական, այսպես ասենք, արտահայտիչ ուժը թվերն են, այս դեպքում ՝ պաշտոնական  վիճակագրությունը:  Թվային հարթությունում դրանք, ի դեպ, հուսադրող են:

Ինքը՝ Կարեն Կարապետյանը, տնտեսական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին հաճախ է անդրադառնում, խոսում ներդրումներից՝ ու ոչ միայն: Օրերս կառավարության ղեկավարը  ԱՎԾ առաջին յոթ ամիսների վիճակագրությունը ներկայացրեց. «Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 6,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, 12,7 տոկոսի աճ՝ արդյունաբերության, 21,6 տոկոսի՝ արտահանման, 28,5 տոկոսի աճ՝ ներմուծման ոլորտներում»։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը վստահ է՝ թվերը տնտեսությունում փոփոխություններ կբերեն: Արտահանման  ծավալների  աճի հետ  կապված զրուցակիցս խնդիրներ չի տեսնում: Արտահանումն իսկապես ավելացել է,  թվերը իրականությանը համապատասխանում են:

Արտահանման ծավալների աճին նպաստել է նաև ՌԴ տնտեսության աշխուժացումը: Հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումն իհարկե արտահանման ծավալների աճին նպաստել է: Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը նշում է՝ աճը հիմնականում հանքարդյունաբերության ոլորտի հաշվին է գրանցվել:

Զրուցակիցս նկատում է Հայաստանն ունի այն տնտեսությունը, որը տասնամյակներ շարունակ  է ունեցել: «Արդյունաբերական ապրանքները կարող են ավելանալ»,- ասում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ու պարզաբանում՝ գործարար միջավայրն ավելի բարենպաստ է դարձել, ՊԵԿ-ի ստորաբաժանումներում էլ կոռուպցիոն ռիսկերը փոքր- ինչ նվազել են: Մակարյանը հիշեցնում է կառավարության թեթև արդյունաբերության ոլորտին տրամադրվող  սուբսիդավորվող վարկերի մասին:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը նույնպես որոշակի քայլեր նկատում է, սակայն, պաշտոնական վիճակագրությանը հղում անելով նշում է՝ այս քայլերը աղքատությունը կկրճատեն՝ բայց շատ քիչ տոկոսով:

Տնտեսագետը հիշեցնում է 2016- տնտեսական բարդ ժամանակաշրջանը, նշում է, որ իրավիճակը վատթարացավ հատկապես հուլիս –օգոստոսին, ուստի   առաջիկա ամիսներին տնտեսական ցուցանիշերը ավելի բարձր կլինեն: «Համադրել միայն 2016-ի հետ ճիշտ չէ»՝ ասում է:

Ի վերջո, թե Գագիկ Մակարյանը, և թե Մեսրոպ Առաքելյանը կարծում են, որ 6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը շարքային քաղաքացու կյանքում դեռ ոչինչ չի փոխել՝ չնայած նախանշված 3,2 տոկոս տնտեսական աճ ապահովելը այնքան էլ բարդ չի լինի:

Մեսրոպ Առաքելյանը չի մոռանում ընդգծել՝ մակրոտնտեսական ցուցանիշերի նկատմամբ հավատն  ավելի շատ ոչ թե թվերից է կախված, այլ՝ հասարակության ու տնտեսվարողի կյանքում  տեղի  ունեցող դրական փոփոխություններից, որոնք այս պահին դեռ չեն նշմարվում:

Back to top button