Քաղաքական

Ալիևը խուսափում է հանդիպումից՝ ասում են քաղաքագետները

«Բաքվից հնչող հայտարությունները բանակցություններից խուսափելուն միտված քայլեր են:  Ալիևը պատրվակ է որոնում Փաշինյանի հետ  հնարավոր հանդիպումից խուսափելու համար», -ասում է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ ապակառուցողական է որակում այդ հայտարարություններն ու դավաճանություն որակում ՀԱԿ  ներկայացուցչի՝ ազատագրված տարածքները, գրավյալ որակելու ձևակերպումը, անկախ հանգամանքից, որ վերջինն արդեն ներողություն է խնդրել իր խոսքերի համար:

 

Ալիեւն ասում է՝ կասկածում է, թե Հայաստանի իշխանությունները մտադիր են աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, գրում է Ինտերֆաքսը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունները հակասական հայտարարություններ են անում, որոնք դժվար է հասկանալ ինչպես Ադրբեջանի ղեկավարությանը, այնպես էլ միջազգային կազմակերպություններին։ Իսկ Ալիեւի համար նման հայտարարությունների համար առիթ է ծառայել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետության անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի նախագահը:

Ու հիմա Ալիեւը ևս մեկ անգամ շեշտում է, որ Ադրբեջանի համար անընդունելի է բանակցություններ վարել Արցախի հետ:

Նա հարկ է համարել ևս մեկ անգամ սպառնալ Երեւանին. եթե Հայաստանի նոր իշխանությունները շարունակեն, իր ձևակերպմամբ, օկուպացիայի քաղաքականությունը, ապա Բաքուն էլ կշարունակի Հայաստանի մեկուսացումը:

Այս առումով  ադրբեջանագետ  Անժելա Էլիբեգովան Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունները պատասխանատվությունից խուսափելու քայլ որակեց.

«Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պատրաստ է հանդիպել Ալիևի հետ ու Ալիեւն այսպիսով փորձում է պատրվակ գտնել խուսափելու համար հանդիպումից: Եթե այսօր լուծվի Ղարաբաղի հարցը, արդյո՞ք վաղը Հայաստանը կընդգրկի էներգետիկ նախագծերում։ Իհարկե ոչ, Ադրբեջանը, բնականաբար, շրջափակումը շարունակելու է»:

Ադրբեջանագետն Ալիևի հայտարարությունից եզրակացնում է, որ նա  չի պատրաստվում արձագանքել  Հայաստանից հնչող խաղաղասիրական կոչերին, փոխարենը  սպեկուլյատիվ քաղաքականություն է վարում:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանի շրջափակումը  սկսվել է  դեռ 30 տարի առաջ.

«Բաքուն ապակառուցողական դիրքորոշում է պահպանում, չի ցանկանում վերականգնել բանակցային գործընթացը, որ ահաբեկչական պահվածքը շարունակի»:

ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի՝ ազատագրված տարածքները գրավյալ որակելու աղմկահարույց հայտարարությանը հաջորդեց վերջինի ներողությունը և պարզաբանումը, թե  գրավյալ տարածք է ասել, քանի որ իր մեջ տպավորվել էր «Ալ-Ջազիրային» տրված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ Աղդամը իր հայրենիքը չէ, Օսկանյանի կողմից ազատագրված տարածքները «օկուպացված» անվանելու դրվագը, ինչպես նաև Կազանյան և Մադրիդյան փաստաթղթերում առկա բնութագրերը, սակայն  Դավիթ Բաբայանը, անկախ ներողությունից, այդ հայտարարությունը համարում է ադրբեջանցիներին ուրախացնող.

«Նա իր ներողությամբ փորձում էր մեղքը բարդել մյուսների վրա: Դավաճաններին նույնիսկ հակառակորդ երկրում չեն հարգում»:

Ուշագրավ է նաեւ Ալիեւի այն հայտարարությունը, թե Ադրբեջանի քաղաքականությունն էր Հայաստանում «թավշյա հեղափոխության» պատճառը՝ նշելով, որ 2016 թվականի ապրիլը հարված հասցրեց իշխանության փտած հիմքերին, ինչից հետո էլ դրա վերջը եկավ։  Զրուցակիցներս նշում են, որ սա արդեն ասված է ներքին լսարանի համար։

Back to top button