ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԱԺ ամբիոնի ինտրիգը․ Սիմոնյանը՝ Ալիևի պահանջի ու Փաշինյանի հայտարարության մասին

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն կամ քննարկում այս պահին չկա, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա միաժամանակ շեշտել է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցությունների։ Հնարավոր նոր հանդիպման մասին Բաքու կատարած այցից հետո ակնարկել էր ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը։ Հիշեցնենք, որ վերջին անգամ Ադրբեջանը հրաժարվել էր մեկնել հենց Վաշինգտոն՝ այդպիսով տապալելով արտգործնախարարների ծրագրված հանդիպումը։ Ամերիկացի պաշտոնյան գոհ է մնացել Բաքվի հանդիպումներից, բայց Ադրբեջանի նախագահը շարունակել է այնպիսի հայտարարություններ անել, որոնք որևէ առնչություն չունեն «Խաղաղության պայմանագրի» բովանդակության հետ։

Աժ–ում նախօրեին վարչապետ Փաշինյանի պարզաբանումներն Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունների հետ զուգահեռ անցկացնելու պատճառ են դարձել։ Հնչած հայտարարությունների համաձայն Ալիևը երաշխիքներ է ուզում Հայաստանից, որ այլևս տարածքային պահանջներ չեն լինելու և Հայաստանը կհրաժարվի Արցախից։ Այդ հայտարարությունից ժամեր անց՝ Աժ–ում հարց ու պատասխանի ժամին Հայաստանի վարչապետն արդեն հստակեցնում էր իր պատասխանատվության գոտին՝ ըստ Հայաստանի Սահմանադրության, որի մեջ, ըստ էության, չեն տեղավորվում Արցախի ապագային միտված քայլերը։ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը իրականությանը չհամապատասխանող է համարում տպավորությունները, թե իբր Ալիևի սպասած խոստումը տրվեց հենց Աժ ամբիոնից․

 – Նման բան չկա։ Կարող են երկրների ղեկավարները ինչ–որ բաներ պայմանավորվեն և համատեղ հայտարարություն անեն, բայց այս պարագայում նման բան չկա։ Առաջին անգամ չէ, որ մենք հայտարարել ենք՝ ՀՀ–ն որևէ տարածքային պահանջներ չու նի իր հարևանների նկատմամբ։ Ի դեպ, սա հայտարարել են նաև բոլոր իշխանությունները։ Որևէ իշխանություն չի ասել, որ ինքը տարածքային պահանջ ունի Ադրբեջանի նկատմամբ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։

Բայց նաև չեն ասել, որ ճանաչում են Ադրբեջանի կազմում Արցախը։

Այո, չեն ասել, բայց մենք դրա մասին բարձր ասել ենք, որ մենք տարածքային պահանջ չունենք և հավակնություններ չունենք մեր հարևան որևէ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։

Աժ նախագահը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել 5–10 օրվա ընթացքում՝ մինչև տարեվերջ։ Անգամ ձևակերպում է՝ ճիշտ չէ այդ հնարավորությունը ձեռքից բաց թողնելը։

Այս պահին թարմացել են հնարավոր նոր հանդիպման ակնկալիքները։ Արտգործնախարարների մակարդակով հանդիպում է ակնկալում Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նոյեմբերի 20–ին նույն ձևաչափով նույն տեղում ծրագրված հանդիպումից Ադրբեջանը հրաժարվեց՝ դժգոհելով Ղարաբաղի հարցով Կոնգրեսի լսումներից և պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանի ելույթից։ Ադրբեջանը Միացյալ Նահանգներին մեղադրում է կողմնակալության մեջ։ Բայց նախօրեին նույն Օ՛Բրայանը Բաքվում էր։ Նա հանդիպումներ է ունեցել Ալիևի, Բայրամովի հետ, նշել, որ տարածաշրջանում կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կբացի։ Ադրբեջանից վերադառնալուց հետո Իքսի իր միկրոբլոգում դրական և կառուցողական է գնահատել հանդիպումները Բաքվում։ Հենց նա է շրջանառության մեջ դրել Բլինքենի սպասելիքները։

Հնարավոր հանդիպման նախապատրաստման առնչությամբ քննարկումներ Հայաստանում դեռ չեն եղել, ասում է ԱԺ նախագահը։

 «Չգիտեմ, չկա նման ինֆորմացիա։ Մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք, ամերիկյան կողմը հայտարարել է, որ ցանկանում է նման բան լինի։ Մենք նման պայմանավորվածություն և քննարկում այս պահին չունենք։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ–որ հարցեր, որոնք արհեստականորեն միգուցե կդժվարեցնեն պայմանագրի կնքումը»։

Այդպիսի փորձերից է Ալեն Սիմոնյանը համարում, օրինակ, տարբեր հայտարարություններ կորզելու փորձը Հայաստանից կամ Հայաստանի կողմից Ադրբեջանին սպառնող հնարավոր ռևանշիզմի մասին Ալիևի խոսույթը։

«Եթե ինքը ( Իլհամ Ալիևը – խմբ․ ) խոսում է ռևանշիզմից, ինքը պետք է այդ ռևանշիզմի չառաջացման համար անի ամեն ինչ «խաղաղության օրակարգ» ձևավորելով մեզ հետ միասին։ Այլ ձև չի ստացվելու։ Այդ երաշխիքը ինքը պետք է փնտրի առաջինն իր և իր քաղաքականության մեջ։ Ադրբեջանական կողմից շատ բան է կախված։ Չի կարելի կրակել և հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք և ասել՝ ես ռևանշիզմից վախենում եմ։ Չի կարելի չգալ խաղաղության պայմանագրի հանդիպումներին և ասել՝ ես ռևաշիզմից վախենում եմ։ Ռևանշիզմից վախենում ես՝ նորմալ հարաբերություններ հաստատի քո հարևանների հետ»։

Դեպի խաղաղություն գնալու որպես առաջին քայլ Ալեն Սիմոնյանը նշում է Ադրբեջանի նախագահի կողմից ագրեսիվ հռետորաբանության փոփոխության անհրաժեշտությունը։ Պետական մակարդակով այդպիսի դրսևորումները, ըստ պաշտոնյանի, անհնար են դարձրել այս պահին արցախցիների վերադարձը իրենց բնակության վայրեր։ Բայց հեռանկարում Սիմոնյանը վերադարձի հնարավորություն տեսնում է՝ զուգահեռներ անցկացնելով պատմական այլ իրադարձությունների հետ։

«Պետք է ժամանակ անցնի, ադրբեջանական կողմը պետք է նվազեցնի այդ ատելության խոսքը, որը իրենք դարձրել են արդեն բրենդային ինչ–որ մի բան՝ այդ ատելության խոսքը, այդ հոխորտանքները և այլն, և այլն։ Չի կարելի մեզ մեղադրել նույնի մեջ, որովհետև մեզ Հայաստանում նույն ընդդիմությունը հակառակը՝ մեղադրում են, ասում են, որ Ադրբեջանի ջրաղացին ջուր ենք լցնում։ Պետք է հասկանալի լինի, որ այո, ժամանակ կանցնի չեմ բացառում, որ հայեր կգնան Ադրբեջանում կապրեն և ինչ–որ ադրբեջանիցներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո, խաղաղության ենք գնում։ Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր․Անգլիան և Ֆրանսիան 116 տարի իրար հետ պատերազմել են, 116 տարի իրար սպանել են և այսօր ամենամեծ դաշնակիցներն են աշխարհով մեկ։ Ես չեմ ասում, որ մենք վաղը կամ մյուս օրը նման արդյունքի ենք հասնելու, բայց մի տարածաշրջանում ենք։ Իհարկե, պետք է բոլոր խնդիրները պետք է փորձենք լուծել»։

Ամեն գնով խաղաղության գնալու ձգտումը ընդդիմության համար հասկանալի չէ։ Ըստ պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ այդ գինը չափազանց բարձր է Հայաստանի համար։

«Զիջել, զիջել, զիջել, միայն թե պահպանել իշխանությունը։ Հայրենիքը պետությունն է, չգիտեմ՝ Արագածի նկարը տանել սենյակում կպցնել։ Իրենց միակ նպատակը իշխանությունն է և փորձել այսօրվա խառը աշխարհին ծախել իբր թե ժողովրդավարությունը, երբ մենք տեսնում ենք, թե Հայաստանում այս առումով ինչ է կատարվում»։

Հակառակ իշխանության պնդումներին, ընդդիմադիրները հայտարարում են՝ չեն համարում, որ արցախյան հակամարտությունն ավարտվել է։

Back to top button