Տ. Բալայան. Հայկական ազգանունով որևէ մեկի համար Ադրբեջան մուտքը արգելված է
«Ադրբեջանական կողմի այս զավեշտալի մոտեցումը նորություն չէ, քանի որ հայկական ազգանունով որևէ մեկի համար Ադրբեջան մուտքը արգելված է, ինչն ամբողջովին տեղավորվում է հայատյացության քարոզչության այդ երկրի կողմից տարվող քաղաքականության ուղեգծի մեջ։ Հստակ է նաև, որ Արցախ այցելությունը որևիցե կապ չունի։ Իրավիճակն այնքան զավեշտալի է դարձել, որ անցյալ տարի Բաքվի օդանավակայանում արգելել էին Ադրբեջան մուտք գործել ազգությամբ թուրք Թուրքիայի քաղաքացու, ում ազգանունը ավարտվում էր «յան»-ով»,- «Արմենպրեսին» ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու հետ կապված իրավիճակին։
Օգոստոսի 28-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ուժերը կչափի ադրբեջանական «Գաբալա»-ի հետ: Վիճակահանությունից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին լուրեր տարածել, որ հայ ֆուտբոլիստը կարող է Ադրբեջանի մուտքի վիզա չստանալ: Լուրեր եղան նաեւ նրա մասին, որ Բաքվում Ադրբեջանի իշխանությունները կարող են ձերբակալել Մխիթարյանին` այդ երկրի տարածքն «ապօրինի» հատելու մեղադրանքով: