Եվրոպայի լիգայի խմբային փուլում Դորտմունդի «Բորուսիան» հոկտեմբերի 22- ին Բաքվում պետք է մրցի ադրսեջակաան «Գաբալայի» հետ։ Սակայն գերմանական ակումբի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է։
Դեռ նախօրեին azerisport.com- ը հայտնել էր, որ պատճառը հայ ֆուտբոլիստի Արցախ այցն էր, որի համար նա կարող է Ադրբեջանում ձերբակալվել։
Խնդրին անդրադարձել է գերմանական մամուլը եւս՝ նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանի քաղաքացիները ադրբեջանական վիզա ստանալու իրավունք չունեն։ «Մենք հույս ունենք, որ դա ճիշտ չէ։ Այժմ Հենրիխը շատ կարեւոր խաղացող է մեզ համար, մի քանի շաբաթ ցույց է տվել հրաշալի խաղ»,- իրավիճակը մեկնաբանելով՝ Sport1.de- ին ասել է «Բորուսիայի» մամուլի քարտուղար Սաշա Ֆլիգեն։
Tert.am- ն էլ վկայակոչելով «СЭ»- ը հայտնում է, որ խնդրին տեղյակ է նաեւ ՈւԵՖԱ- ն։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն երեկ կայացած մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ Մխիթարյանը հնարավորություն կունենա մասնակցել խաղին։ «Հույս ունենք, որ ցանկացած ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցել մեր մրցաշարերին՝ անկախ քաղաքացիությունից եւ ելքի իրավունք կամ վիզայի թույլտվություն ստանալուց։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդպես էլ շարունակվի»,- ասել է Ինֆանտինոն։
Թեմային անդրադարձել է նաեւ խորհրդային ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը։ «Ադրբեջանը չունի օրինական հիմքեր, որպեսզի արգելի Հենրիխ Մխիթարյանին խաղալ իր ակումբի համար Ադրբեջանում։ Եթե Բաքուն խոչընդոտներ ստեղծի, ապա դա ֆուտբոլային օրենքների կոպիտ խախտում կլինի։ Մխիթարյանին այդ խաղին քաղաքական պատճառներով չթողնելը դեմ է որեւէ տրամաբանության»,- ասել է նա։