Հասարակություն

Բաթումիում Ալ. Մանթաշյանի անվան կրթա-մշակութային և երիտասարադական կենտրոն կբացվի

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Վրաստանում նոր ուսումնական տարվա սկզբին կբացվի նաև Բաթումիի Ալ. Մանթաշյանի անվան կրթա-մշակութային և երիտասարադական կենտրոնը: Այս մասին «Ռադիոլուր»-ին հայտնել են Աջարիայի հայ համայնքից:

 

 

Առաջիկա օրերին Բաթումիիում իր դռները կբացի թիֆլիսահայ  բարերար Ալ. Մանթաշյանի անունը կրող կրթա-մշակութային կենտրոնը: Այն կգործի քաղաքի կենտրոնում` Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից: Կենտրոնը իր շուրջը կհամախմբի քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներին, փորձելով լուծել հայապահապանության խնդիրները:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց  Աջարիայի հայ համայնքի մամուլի խոսնակ Արթուր Հովհաննիսյանը. «Դա մի պատմական օր կլինի տեղի  հայ համայնքի համար»:

Բաթումիի կրթա-մշակութային կենտրոնի ստեղծման համար նախատիպ է հանդիսացել Թբիլիսիում արդեն հինգ տարի գործող Հայարտուն կենտրոնը. նորաստեղծ կենտրոնը եվս կունենա նախակրթարան, հայերենի ուսուցման շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ, երգչախումբ, պարի խմբակ, գեղագիտական դաստիարակության խմբակ, սոցիալական ծառայություն, երիտասարդական բաժին:

Նախակրթարանի բացումը արդեն  մեծ արձագանք է գտել ծնողների շրջանում. շատերը որոշել են իրենց երեխաներին տանել  հայկական մանկապարտեզ:  Ինչպես նշում է Արթուր Հովհաննիսյանը, իրենց նպատակն է` հայ մանուկներին սովորեցնելով հայերեն,  ուղղորդել հայկական դպրոց, որը վերջին տարիներին աշակերտներ չունենալու պատճառով փակ է:

«Այդ դեպքում կարող ենք մտածել հայկական մասնաճյուղի վերաբացման մասին: Եվ դրա հետ մեկտեղ նաև դպրոցը կադրերով համալրելու մասին»:

Համայնքի ներկայացուցչի խոսքով,  Աջարիայում  այսօր ապրում է մոտ 10 հազար հայ, որոնցից 8 հազարը` Բաթումիում:  Հայերն այստեղ հիմնականում ռուսական կրթություն ունեն, լավ չեն տիրապետում մայրենիին ու պետական լեզվին:  Իսկ կենտրոնի հիմնումը նպատակ ունի  լուծում տալ այս հարցերին:

 

Back to top button