Թբիլիսիում հանդիպել ՀՀ եւ Վրաստանի գլխավոր դատախազները
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան:
Դատախազության փոխանցմամբ՝ Թբիլիսիում կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը:
Գևորգ Կոստանյանն ու Գիորգի Բադաշվիլին քննարկել են Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանը, գործառույթների հստակեցմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
«Մասնավորապես՝ կարևորվել է Հայաստանում Վրաստանի քաղաքացիների կողմից և Վրաստանում Հայաստանի քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հանձնման և, որ ամենակարևորն է, հանցագործությունների կանխման ուղղությամբ համագործակցությունը, ինչը վերջին տարիներին բավական արդյունավետ է իրականացվում: Երկուստեք կարևորվել է մաքսային ոլորտում առկա սերտ համագործակցությունը», — ասված է հաղորդագրությունում։
Գևորգ Կոստանյանը նշել է, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը, միջպետական համագործակցության առումով, հանցավորության դեմ պայքարում Հայաստանի հուսալի գործընկերն է:
Երկու երկրների գլխավոր դատախազներն ընդգծել են նոր՝ առավել հստակ համագործակցության հնարավորություն ընձեռող հուշագիր ստորագրելու անհրաժեշտությունը:
Գևորգ Կոստանյանը իր վրաց գործընկերոջը պատասխան այցով հրավիրել է Հայաստան:
Հայաստանի գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիից մեկնելու է Աստանա, որտեղ կմասնակցի օգոստոսի 27-ին կայանալիք «ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի» հերթական նիստին: