Հայ բնապահպանների կասկածները չեն փարատվում. Սեւանի ջուրը կգնա՞ Ուրմիա
Հայ բնապահպանները նամակով դիմել են վարչապետին՝ ակնկալելով վերջինի պարզաբանումները իրանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության վերաբերյալ, որի համաձայն Ուրմիա լճի բնապահպանական խնդիրները լուծելու համար Սևանա լճից ջուր կտարվի Իրան: Հիշեցնենք, որ լրագրողների հարցին ի պատասխան Հայաստանի բնապահպանության նախարարն օրերս այս տեղեկատվությունը որակել էր անհեթեթություն և վստահեցրել, որ իրանական կողմի հետ նման համաձայնություն չկա: Պատասխանը բնապահպանների կասկածները չի ցրել:
Իրանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝ Իրանի պատգամավորներից մեկը հայտարարել է, որ Ուրմիա լճի բնապահպանական աղետը կանխելու համար Հայաստանից և Վրաստանից ջուր կմղվի Իրան: Հայաստանից կտարվի Սևանի ջուրը: Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն օրերս հերքեց այս տեղեկատվությունը՝ այն որակելով անհեթեթություն: Նման համաձայնագրի գոյությունը, սակայն, հաստատել է վրացական կողմը, ինչն էլ հարուցել է հայ բնապահպանների կասկածամտությունը:
Պարզաբանումներ ստանալու նպատակով Հասարակական էկոլոգիական դաշինքն ու Օրհուսի կենտրոնները նամակով դիմել են հանրապետության վարչապետին: Բապահպան Սիլվա Ադամյանն ասում է, որ վարչապետի արձագանք դեռ չեն ստացել, սակայն ունեն տեղեկատվություն, որ նման քննարկումներ, այդուամենայնիվ, եղել են
Բնապահպան Ինգա Զարաֆյանն անգամ կասկած չունի, որ հայ-իրանական կողմերի միջև նման բանակացություններ ընթացել են: «Ժամանակ առ ժամանակ մեր իշխանությունները փորձում են ստանալ Իրանի քաղաքական աջակցությունը Հայաստանի ռեսուրսների հաշվին, որոնք առանց այդ էլ սուղ են»,- ասում է Ինգա Զառաֆյանը:
Նա այսօր հանդես եկավ հայտարարությամբ , որը առավելապես ուղղված էր իրանական կողմին. «Նման համաձայնագիրը առանց հասարակության համաձայնության իրավական ուժ չի ունենա»:
Սիլվա Ադամյանի ձևակերպմամբ՝ Սևանն այսօր ինքն է կանգնած բնապահպանական խնդրի առջև, ջրի տակ մնացած շինություններ, կեղտոտ լողափեր: Սևանը դարձել է ոռոգման աղբյուր: Լճի ջուրն անխնա օգտագործվում է, ասում է բնապահպանը