Քաղաքական

ՍԴ փոփոխության նախագիծը 90-95 % համապատասխանում է ՀՅԴ պատկերացումներին

lenabadeyan
Հայաստանում են Վետենիկի հանձնաժողովի մասնագետները, ովքեր հանդիպելու են ե’ւ հանրապետության ղեկավարների, ե’ւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, այսօր Հանրապետության նախագահը նաեւ վերսկասում է քաղաքական կոնսուլտացիաները տարբեր կուսակցությունների հետ: Ըստ էության, սկսվում է նախապատրաստական աշխատանքների վերջին փուլը՝ քննարկումներ ԱԺ-ում եւ Հանրաքվեի օրվա ճշտում:

 

 

Հանրապետական կուսակցության ներսում դեռ որեւէ ազդակ չի հնչել, որ սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանում չեն հայտնվելու գործարարներն ու բիզնեսների տեղերն, ովքեր քվեարկության ժամանակ առաջնորդվում են ոչ թե պետության, այլ՝ սեփական շահերով: «Ռադիոլուր»-ի հարցին, Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Կարինե Աճեմյանը կարողացավ պատասխանել միայն հետեւյալը:

«Համարում եմ, որ աստիճանաբար ոչ միայն ձեր ասած խնդիրն է լուծվելու, այլ այս համակարգը պարզապես թույլ չի տալու այլ ձեւով աշխատել, որովհետեւ խորհրդարանական համակարգը ենթադրում է գրագետ, կայացած քաղաքական գործիչների համակարգ»:

Պատգամավորը համոզված է, որ այս փուլից հետո կրկին բազմաթիվ փոփոխություններ կլինեն Սահմանադրական բարեփոխումների նախագծում: Կարծում է, որ նախատեսվող ֆունդամենտալ փոփոխություններին շատերն էին սպասում եւ փաստաթուղթն, ի վերջո կդառնա Հայաստանի դինամիկ զարգացման գրավական:

Գործող Սահմանադրությանը մշտապես դեմ, խորհրդարանական կառավարման կողմնակից Ստյոպա Սաֆարյանը այս պահին պատրաստ չէ Հանրաքվեում «կողմ» քվեարկել Սահմանադրական բարեփոխումների տեքստի այս տարբերակին: Ասում է, որոշ դրույթներում նույնիսկ հետընթաց է տեսնում գործող Սահմանադրությունից: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբանը դինամիկ աճի եւ զարգացման կարեւորագույն գրավական է տեսնում երրորդ իշխանության ձեւավորումը: Ասում է ոչ գործող սահմանադրությամբ, ոչ էլ պատրաստվող նախագծով դատական իշխանության անկախությունը լիովին ապահոված չէ եւ քանի դեռ այս խնդիրը մնալու է առկախված, ապա հանրապետության ներսում գոյություն ունեցող շատ ու շատ խնդիրները կրկին կպահպանվեն:

«Այո, խորհրդարանում ընդդիմադիր կուսակցություններին տրված են բավականին հետաքրքիր գործիքներ եւ լիազորություններ, չեմ հերքի: Բայց ընդհանուր առմամբ այն հիմնական արատը, որն ուներ գործող Սահմանադրությունը՝ իշխանության ճյուղերի ճշգրիտ տարանջատումը եւ հավասարակշռումը, ցավոք սրտի, այդ խնդիրը լուծված չէ: Մենք ընդամենն ունենք ուժային կենտրոնի տեղափոխություն: Եթե գործող Սահմանադրությամբ ուժային կենտրոնը գտնվում էր Բաղրամյան 26-ում՝ նախագահի ինստիտուտի ներքո, ապա այժմ այդ ուժային կենտրոնն ենք տեղափոխում: Բայց ոչ թե իշխանությունը տարալուծում եւ բաժանում գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության միջեւ, որպեսզի մենք ունենանք միմյանց հակակշռում»:

Երկարատեւ դադարից հետո այսօր խոսեց նաեւ Դաշնակցությունը: Ասում են այս ընթացքում ակտիվ աշխատել են փաստաթղթի վրա, ներկայացրել են իրենց առաջարկները եւ փաստաթղթում ընդունվել են առանցքային կետերը, թեեւ երկու տասնյակի առաջարկ դեռ ունեն: Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կոչ է անում այսօր բոլորին մասնակից դառնալ բովանդակային քննարկումներին: Ասում է՝ փաստաթուղթը 90-95 տոկոսով համապատասխանում է դաշնակցականների պատկերացումներին: Իսկ թե որ դեպքում Դաշնակցությունը կդադարի համագործակցելուց, պարզաբանում է:

« Մենք որեւէ անձի վերարտադրման խնդիր երբեք չենք ունեցել: Եթե վաղը մենք տեսնենք, որ ԸՕ-ն հանկարծ ինչ որ առավելություն է տալու որեւէ կուսակցության, բնականաբար, առաջին հերթին Հանրապետական կուսակցությանը, առաջին պայքարողները, թույլ չտվողները մենք ենք լինելու»:

Ի դեպ՝ դաշնակցականներն ասում են, որ ծրագրերում կա նաեւ Ընտրական օրենսգրքի բարելավումը: Դա հաջորդ քայլն է լինելու: Աժ-ի աշնանային նստաշրջանի հերթական քառօրյա աշխատանքն, ըստ օրակարգի՝ նախատեսված է սեպտեմբերի 14-ին, բայց ամենայն հավանականությամբ, մինչ այդ հրավիրվելու է արտահերթ նստաշրջան՝ սահմանադրական բարեփոխումների քննարկման հարցով: Դրանից հետո արդեն կորոշվի Հանրաքվեի օրը:

Back to top button