Թբիլիսիի վրաց- հայկական դպրոցը կգործի նոր շենքում
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Թբիլիսիի թիվ 103-րդ վրաց-հայկական դպրոցը հաջորդ ուսումնական տարվանից կգործի նորակառույց շենքում: Դպրոցի հայկական բաժնի փոխտնօրենը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրել է, որ նորակառույց շենքում աշակերտների թիվը կավելանա: Դպրոցի շինարարության աշխատանքներին օրերս ծանոթացել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն: Նա նշել է` ամեն ինչ արվում է, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները լիովին ինտեգրվեն ուսումնական գործընթացին:
Թբիլիսիի Իսանի շրջանի Մետրոշինարարներ թաղամասում կառուցվող նոր դպրոցը, կգործի 2016-2017 ուսումնական տարվանից։ Այսօր այս դպրոցի աշակերտները հաճախում են մոտակա թաղամասի դպրոցներից մեկը` երկրորդ հերթով: «Տեղափոխությունը բավականին դժվարություններ է ստեղծել ծնողների համար,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Պապիկյան՝ հավելելով,- բազմաթիվ աշակերտներ տեղափոխվել են այլ դպրոցներ, որովհետև հարմար չէր երկրորդ հերթով, բայց մենք հույս ունենք, երբ կվերադառնանաք նոր շենք, մեր աշակերտները կվերադառնան»։
Ինչպես տեղեկացրեց փոխտնօրենը, անցյալ տարի դպրոցում առաջին դասարան չի բացվել: Եվ այսօր այս դպրոցում բացակայում են 2-րդ, 4-րդ և 10-րդ դասարանները։
Մետրոշինարարները հայտնի է որպես քաղաքի հայաշատ թաղաամասերից մեկը: Դպրոցի փոխտնօրենը վստահեցնում է` թաղամասում կառուցվող դպրոցի շենքը ոչ միայն հետ է բերելու վրացական դպրոցներ տեղափոխված իր աշակերտներին, այլև գրավիչ է դառնալու բազամթիվ հայ ծնողների համար. վերջին տարիներին այս դպրոցը եւս ուժեղացված մեթոդով սովորեցնում է վրացերեն (երկլեզու համակարգի շնորհիվ)։
«Սենք բավականին աշխատանք ենք տանում` բացատրելով ծնողներին, որ մեր դպրոցը չի զիջում մյուսներին. մենք այս թաղամասում շատ կոմպակտ ենք ապրում, մեծամասնությանը ճանաչում ենք, ծնողներին, տատիկ-պապիկները մեր դպրոցի շրջանավարտներն են…»:
Եվ այս աշխատանքների արդյունքում, ինչպես նշեց Հասմիկ Պապիկյանը, այս ուսումնական տարում դպրոցում կբացվի առաջին դասարան` ութ աշակերտով:
Մետրոշինարարների դպրոցը գործում է անցյալ դարի 60-ականներից: Այդ տարիներին, ի դեպ, միայն մայրաքաղաքում ավելի քան 30 հայկական դպրոց կար: 103- ն ի սկզբանե զուտ հայկական դպրոց էր, այնուհետև դարձավ հայ-ռուսական, իսկ վերջին հինգ տարիներին` վրաց-հայկական: Փաստորեն՝ սա մայրաքաղաքի երկրորդ վրաց-հայկական դպրոցն է (մյուսը` թիվ 132-նէ) և կա միայն մեկ ամբողջությամբ հայկական դպրոց` 104-րդը:
«Մեր դպրոցի տնօրենը (խմբ. վրացի է) ասում է` շահագրգռված է, որ դպրոցը բարձր մակարդակի հայկական դասարաններ ունենա, այդպիսով տարբերվի վրացական դպրոցներից: Իսկ մենք ամեն ինչ անում ենք կրթության մակարդակը պահպանելու համար։ Շատ մեծ պայքար է գնում ու այդ պայքարով աշխատում ենք պահպանվել»,- ասում է դպրոցի փոխտնօրենը՝ հուսալով, որ այլևս հայկական դպրոցներ չեն փակվի: