Հասարակություն
Օգոստոսի 23- ից սկսվում է որսաշրջանը
Օգոստոսի 23- ից սկսվում է սիրողական որսը, ինչի մասին այսօր համապատասխան հրաման է ստորագրել բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ սահմանելով որսի ժամկետներն ու քանակը՝ ըստ որսատեսակների։
Ըստ այդմ՝ թույլատրվում է որսալ
- լոր –2015 թվականի օգոստոսի 23-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
- աղավնիներ (թխակապույտ և անտառային, սովորական տատրակ)–2015 թվականի օգոստոսի 23-ից 2016 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
- քարակաքավ- 2015 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
- կտցարներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների)– 2015 թվականի օգոստոսի 23-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
- արտույտներ (դաշտային, տափաստանային)- 2015 թվականի սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
- սարյակ (սովորական) – 2015 թվականի օգոստոսի 23-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
- կեռնեխներ (սև կեռնեխ, սինակեռնեխ)– 2015 թվականի օգոստոսի 23-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
- ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) –2015 թվականի սեպտեմբերի 15-ից 2016 թվականի փետրվարի 29-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
Նախարարի հրամանով 2015-2016 թվականների որսաշրջանի ընթացքում այս կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում որսալ մոխրագույն ագռավ, կաչաղակ, գայլ և շնագայլ։