Քաղաքացիական հասարակության պայքարը կոռուպցիայի դեմ
Որքան փակ է կառույցը, այնքան մեծ են կոռուպցիոն ռիսկերը, իսկ աշխատանքների թափանցիկությունը նվազեցնում է այն: Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը օրենքի գերակայությունն է ու հասարակության իրազեկումը:
Թերևս, մարզերում շատերը վերապահումով են մոտենում խնդրին և ձեռքը թափ տալով հեռանում: Այսինքն՝ մարդկանց մեջ դեռ ամուր նստած է այն կարծրատիպը, որ ցանկացած խնդրի լուծում իր մեջ կոռուպցիոն տարր է պարունակում, այլապես խնդրի լուծման ճանապարհին կարելի է հանդիպել բազմաթիվ խոչընդոտների:
Արմավիրի մարզում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրում ակտիվորեն ներգրավված է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի աշխատանքների արդյունավետությունն արդեն տեսանելի է: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ հասարակական կազմակերպությունը չորս տարի շարունակ իրավաբանական անվճար ծառայություններ է մատուցել շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնում:
Շահառուների բողոքները հաճախ կոռուպցիայի դեմ էին: «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Նաիրա Առաքելյանը նշեց, որ վերոհիշյալ ծրագրով կարողացել են օգնել շահառուներին և պաշտպանել նրանց շահերը դատարաններում: Բացի այդ՝ ձեռնարկել են իրազեկման լայն քարոզարշավ. «Իրազեկված քաղաքացին ավելի քիչ է ենթարկվում կոռուպցիոն ռիսկերի, քան՝ չիրազեկվածը»,- վստահեցրեց Նաիրա Առաքելյանը:
Ծրագրի իրականացման ընթացքում տարբեր համայնքների բնակիչներ երբեմն բարձրացրել են նույն ոլորտին առնչվող հարցեր, որոնք ներառում են կոռուպցիոն ռիսկեր: Խնդրի շուրջ մշակվել են առաջարկություններ և ներկայացվել վերադաս մարմնին: «Խնդրի շուրջ մենք առաջարկություններ ենք արել՝ ընդհուպ օրենսդրական ակտերում կամ կառավարության որոշումներում փոփոխությունները»,- ասաց «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Նաիրա Առաքելյանը։
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին, նոտարական գրասենյակ, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային վարչություն, սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոն, զբաղվածության պետական ծառայության գործակալության տարածքային կենտրոն, բանկ. կառույցներ, որոնց ծառայություններից շատ են օգտվում քաղաքացիները և այս կամ այն կերպ հանդիպում խոչընդոտների, որոնք նույնպես ներառում են կոռուպցիոն ռիսկեր:
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը մշակված ծրագրի համաձայն փոքրիշատե կարողացել է պայքարել դրա դեմ: Արմավիրի ՔԿԱԳ բաժնում 3 տարի առաջ որևէ տեղ չի արտացոլվել ակտերի գրանցման նպատակով պետական տուրքերի վճարման չափը և այն երբեմն քաղաքացիներից գանձվել է ըստ հայեցողության: «Արմավիրի ՔԿԱԳ բաժնում 2 տարի առաջ ամուսնության ակտի գրանցման դիմաց պահանջվել էր 8000 / ութ հազար/ դրամ պետական տուրք: Քաղաքացին մեզ էր դիմել և մենք պարզեցինք, որ տուրքը 1000 դրամ է, որից հետո գրավոր առաջարկով դիմեցինք արդարադատության նախարարին: Նա անձամբ այցելեց Արմավիրի ՔԿԱԳ բաժին, համոզվեց և մեզ գրավոր պատասխանեց, որ հանձնարարվել է բոլոր ՔԿԱԳ մարմիններին՝ փակցնել հայտարարություններ»,- ասաց Նաիրա Առաքելյանը:
Այժմ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններում և նոտարական գրասենյակներում փակցված են հայտարարությունների ձևերը, ծառայությունների մատուցման պետական տուրքերի չափը: Նշված մարմինների գործունեությունը որոշակի չափով թափանցիկ դարձնելը դեռ չի նշանակում կոռուպցիայի բացառում:
Քաղաքացիների համար մատչելի և դյուրին է դարձել պետական ռեգիստրում հաշված րոպեների ընթացքում իրավաբանական անձի գրանցումը, որը կազմակերպվում է նաև էլեկտրոնային եղանակով: Այդպիսի ռեֆորմ է նախատեսվել ՔԿԱԳ մարմիններում էլեկտրոնային եղանակով ստանալու ցանկացած տեղեկատվություն՝ տնտեսելով ժամանակը:
Մեկ պատուհանի սկզբունքով Արմավիրում արդեն երկու տարի ներդրվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, որը համալիր նոր որակի ծառայություններ է մատուցում բնակչությանը: Չորս մասնագետները ներկայացնում են զբաղվածության, սոցիալական ապահովության, սոցիալական ծառայության կենտրոններն ու բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը: Սպասարկումը հեշտացել է, բայց կոռուպցիան չի վերացել: Կենսաթոշակների ձևակերպան ընթացքում դեռևս քաշքշքուկներ են ստեղծվում իրավաբանական փաստի հաստատման հետ կապված, որի օրինականությունը ճանաչվում է դատական կարգով:
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի իրավաբան, փաստաբան Արայիկ Ղազարյանը հավաստիացրեց. «Մեր նախաձեռնությամբ հարցը բարձրացվել է և այժմ քննարկվում է օրենսդիր մարմնում: Իրավաբանական փաստի հաստատման գործը դատարանի հատուկ վարույթից հանվելու և որպես նոտարական գործառույթ վերագրելու է նոտարներին»:
Համայնքապետարանների փակ աշխատանքը նունյպես կոռուպցիոն ռիսկ է պարունակում, որտեղ կա տեղեկատվության ազատության սահմանափակում: Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սուսաննա Մատինյանը նշեց, որ 40000-ից ավելի բնակչություն ունեցող Արմավիր քաղաքում խախտված է ՏԻՍ- երի և «Տեղեկատվության ազատության» մասին օրենքների որոշ դրույթներ, քաղաքացիներն իրազեկված չեն ավագանու նիստերի և կայացրած որոշումների մասին: Խնդրով հետաքրքված է նաև «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնն առաջիկայում նախատեսել է ուսումնասիրել համայնքների բյուջեները, առողջապահության և կրթության ոլորտները: «Կոռուպցիոն ռիսկեր կան 0-7 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկաման, ներառական կրթություն իրականացնող դպրոցներում: Աշխատանքները կազմակերպելու ենք «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»- ի «ֆինանսավորմամբ», — ասաց Սուսաննա Մատինյանը:
Քաղաքացիական հասարակության ակտիվ գործունեությունը և պետական կառույցների հետ նրանց համագործակցությունը դրական արդյունքներ արդեն գրանցել են կոռուպցիայի դեմ պայքարում՝ նվազեցնելով ռիսկերը: Կարևորվում է նաև քաղաքացիների իրազեկվածությունն ու օրենքների կիրառումը: