Կառավարության մոտ բողոքում է «Չենք վճարելու 5%» նախաձեռնությունը
Կառավարության նիստի ժամանակ այսօր եւս շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպվել։ Այս անգամ բողոքում են «Չենք վճարելու 5%» նախաձեռնության անդամները՝ շրջանառության հարկի հուլիսին ուժի մեջ մտած փոփոխությունների դեմ։
Բողոքին մասնակցում է ընդամենը մի քանի մարդ, սակայն նախաձեռնության անդամ Արսեն Արզանյանը նշում է, որ իրենց համար կարևորը ոչ թե մարդկանց քանակն է,այլ իրենք պատրաստվում են նամակ հանձնել հանրապետության վարչապետին։
Ա.Արզանյանն այսօր նշել է, որ 1,5 ամիս է աշխատում են այդ դրույքաչափով և արդեն տեսնում են, թե օրենքի կիրառումը ինչ խնդիրներ է առաջացնում: «Մենք առաջարկում ենք լինի շրջանառության հարկի մասին օրենքը՝ 1 տոկոսով, եթե մարդը հնարավորություն ունի փաստաթղթավորվելու, և մնա հին օրենքը՝ 3,5 տոկոսշրջանառությամբ։ Ձեռնարկատերը ինքը որոշի` ինչպես աշխատել»,- ասում է նա։
Վարչապետին նամակը հանձնելուց հետո «Չենք վճարելու 5%» նախաձեռնության անդամները մտադիպ են սպասել պատասխանի, որից հետո կորոշեն իրենց հետագա քայլերի մասին։
Արսեն Արզանյան. «Չենք վճարելու 5%» նախաձեռնության անդամ
Հուլիսի1-ից ուժի մեջ են մտել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները, որոնց կիրարկումը մինչ այդ հետաձգվել էր երկու անգամ։Ըստ այդ փոփոխությունների՝ գործարարն իր ապրանքի փաստաթղթավորման բացակայության դեպքում պետք է մուծել 5% շրջանառության հարկ՝ նախկին 3,5% փոխարեն։ Իսկ ահա փաստաթղթավորման դեպքում հարկային տոկոսադրույքներն էապես նվազում՝ մինչեւ 1 տոկոս։