Ծաղկաձորում կանցկացվի «Միություն 2015-Հաղթանակի ժառանգորդներ» հավաքը
Ծաղկաձորում օգոստոսի 17-ին կանցկացվի «Միություն 2015-Հաղթանակի ժառանգորդներ» հավաքը, որին կմասնակցեն նախկին Խորհրդային Միության անդամ 14 երկրներ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Միություն 2015. Հաղթանակի ժառանգները» կազմկոմիտեի համանախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն, գնդապետ Վիտալի Ոսկանյանը նշեց, որ ռազմամարզական այս հավաքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, որի նպատակն է երեխաների մեջ հայրենասիրություն, ընկերություն, բարեկամություն սերմանելը։
«Բոլոր մասնակիցները 14-17 տարեկան պատանիներ են, որոնք ունեն լավ ֆիզիկական պատրաստվածություն։ Հավաքին մասնակցելու համար Հայաստան ժամանած բոլոր պատանիները բացի մրցույթներին մասնակցելուց, այցելելու են նաև թանգարաններ, մասնավորապես՝ լինելու են Ծիծեռնակաբերդում և այցելելու են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Էջմիածնի երեք թանգարանները, Մատենադարան և այլն։
Հայաստանից հավաքին մասնակցում է 4 թիմ, ևս մեկ թիմ՝ ԼՂՀ-ից։ Իսկ ընդհանուր առմամբ ռազմամարզական հավաքին մասնակցելու է 500 պատանի։
Վիտալի Ոսկանյան. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն