Վերլուծական

Թուրքիայում վաղը կամ կլինի նոր կառավարություն, կամ՝ նոր ընտրություններ

lianaeghiazaryan

Թուրքիայի վերջին երկու տարիների կյանքում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, կարծում է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետը շեշտել է` առաջիկա հինգշաբթի պարզ կդառնա` Թուրքիայում կկայանա՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե՞ ոչ: Պետրոսյանը գտնում է, որ Էրդողանն անկում ապրած իր վարկանիշով կգնա այդ ընտրությունների անցկացմանը` փորձելով հնարավորին չափ քիչ ձայներ թողնել քրդական կուսակցությանը: Էրդողանը կփորձի այսպիսով որոշակի լուծում տալ իր թիվ մեկ օրակարգային հարցին` օրեցօր սրվող քրդական խնդրին: Իսկ ինչ ռիսկեր ու շանսեր է այս վիճակը ենթադրում Հայաստանի համար։

Մերձավոր Արեւելքում քաղաքական իրավիճակն այնպիսի անսպասելի խմբագրումների է ենթարկվել, որ Հայաստանի համար էլ է դժվար միանգամից որոշել իր հետագա քայլերի հաջորդականությունը: Սիրիայում ձեւավորված իրավիճակը հայանպաստ չէ, Թուրքիայում սրվող խնդիրներն էլ ուղղակի եւ անուղղակի կերպով առնչվում են Հայաստանի հետ:

Թուրքիան ուղիղ հակամարտության մեջ է մտնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, իսկ վերջինիս առաջխաղացումը չի բխում ոչ Հայաստանի, ոչ հայության շահերից:

Թուրքիան ունի Կիպրոսի հարց, կառավարություն ձեւավորելու խնդիր, իսկ 2.5 տարվա բանակցություններից հետո Թուրքիայում միանգամից սրվում է քրդական հարցը: Սա էլ ամենաուղղակի կապ ունի Հայաստանի հետ: Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ Քրդստան պետության կայացումն այժմ շատ հավանական է Հյուսիսային Իրաքում, փոքր-ինչ պակաս հավանական` Թուրքիայում:

Ամեն դեպքում` Քրդստանի ձեւավորման պարագայում այդ պետության հողերի մի մասը մեր պատմական հողերն են, հիշեցնում է թուրքագետն ու մեկ այլ գործոն էլ շեշտադրում: «Մենք պետք է ընտրենք` հնարավոր Քրդստան պետության հետ ինչպիսի հարաբերություններ պետք է կառուցենք` դաշնակցայի՞ն, թե՞ ընդհակառակը: Սա տնտեսական առումով մեզ համար նոր շուկա է բացում: Մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ այդ պետությունը հնարավոր է ստեղծվի մեր պատմական հայրենիքի տարածքներում, ու չպետք է մոռանանք, որ քրդերը թուրքերի հետ մասնակից են եղել հայոց ցեղասպանության իրագործմանը»,- ասում է թուրքագետը։

Գեւորգ Պետրոսյանը չի բացառում առաջիկայում Թուրքիայում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Նա կարծում է, որ առկա խնդիրների համատեքստում Ռեջեփ Թաիպ Էրդողանն ամենայն հավանականությամբ կգնա Թուրքիայում նոր ընտրությունների անցկացման` քրդական կուսակցությանը քաղաքական դաշտից դուրս թողնելու եւ այդպիսով մեկ խնդիր նվազեցնելու նպատակ դնելով իր առջեւ:

Էրդողանի վարկանիշը լրջորեն ընկել է, եւ այս վարկանիշով ու քրդական կուսակցության` խորհրդարան մուտք գործելով նոր բարդություններ առաջ կգան: Բայց քրդերի մուտքը խորհրդարան արհեստականորեն սահմանափակելն էլ կտրուկ կփոխի իրավիճակը: Այդ դեպքում զինված ապստամբությանը նաեւ քաղաքական տարրեր կգումարվեն, ու Թուրքիայում նոր սրացումներ կլինեն:

Հիշեցնենք, որ խորհրդարանական նախորդ ընտրություններում քրդական ուժերի միավորումը 13 տոկոս ձայն հավաքեց, ու թուրքական խորհրդարանում ներկայացված է 80 պատգամավորով։

Ընտրություններից հետո քաղաքական ուժերի դասավորությունը խորհրդարանում թույլ չտվեց  Էրդողանին միահեծան կառավարություն ձեւավորել, ուստի, թուրքագետի համոզմամբ, ամեն ինչ տանում է արտահերթ ընտրությունների: «Առաջիկա հինգշաբթի օրն արդեն պարզ կլինի` քեմալական ժողովրդա- հանրապետական ու Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունների միջեւ հնարավո՞ր է կոալիցիան»,- ասում է:

Թուրքական գործընթացներից, ըստ Գեւորգ Պետրոսյանի, Հայաստանը պետք է դրականը քաղի ու չվախենա թուրք-քրդական հակամարտության սրումից: Այդ խնդիրը 1984 թվականից կա. դա մեզ համար նորություն չէ։ «Թուրքիայում ներքին անկայուն վիճակը բխում է ՀՀ-ի շահերից, քանի որ իր ներքին խնդիրներով զբաղված  Թուրքիան արտաքին ոլորտում չի կարողանա  ՀՀ-ի դեմ համակարգված պայքար տանել: Հայոց ցեղասպանության հարցն այսօր Թուրքիայի օրակարգային առաջին հարցերից չէ, մյուս խնդիրները առավել հրատապ են, իսկ դրանցից ամենասուրը՝ քրդական հարցն է:

Back to top button