Հասարակություն

Քննչական բաժնի պետը կալանավորվել է քրեական գործի նյութերով հարուցված նոր գործի շրջանակներում

Արման և Արմեն Սարգսյան եղբայրների կողմից նախնական համաձայնությամբ և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2015 թվականի ընթացքում «Օրթոպեդիայի և վնասքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը, իր ընկերոջ միջոցով փորձել է պաշտոնատար անձին 6 հազ. ԱՄՆ դոլար գումար փոխանցել, որպեսզի վերջինս իր լիազորությունների շրջանակում նշանակի իրեն ավելի բարձր պաշտոնի, սակայն ընկերը պաշտոնատար անձին կաշառք տալու պատրվակով վերցրել է հիշյալ գումարը և խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ հափշտակել է այն:

Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում վերոհիշյալ գիտական կենտրոնի նույն աշխատակիցը, տարբեր անձանցից անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել թմրամիջոցներ, իսկ այլ անձինք իրացրել են դրանք:

Նկատի ունենալով, որ հիշյալ քրեական գործի նյութերով հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով՝ խոշոր չափի գումար հափշտակելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, թմրամիջոցներ ապօրինի իրացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրաբար կատարված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, որոնք կապված չեն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ գործով մեղադրյալների կատարած հանցագործության հետ և կատարվել են այլ անձանց կողմից, ուստի որոշում է կայացվել քրեական գործի նյութերով հարուցել նոր քրեական գործ և ուղարկել ըստ քննչական ենթակայության:   

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը` ստուգվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից: Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար Արմեն և Արման Սարգսյան եղբայրներին մեղադրանք էր առաջադրվել, վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Հիշյալ գործի նյութերով վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ հարուցվել էր նոր քրեական գործ, որի նախաքննության ընթացքումՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Հայկ Ավագյանին (հիշյալ խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակաշրջանում նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը) մեղադրանք էր առաջադրվել, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button