Հացպանյան. Փաստերը խեղաթյուրում է նաեւ քրդական ձեւավորվող պատմագիտությունը
Համահայկական 6-րդ խաղերի ջահերից մեկը վառվեց եւ Հայաստան բերվեց Ախթամարի ս. Խաչ եկեղեցուց: Առաջին անգամ Արեւմտյան Հայաստանից նման էլեմենտի առկայությունը բարձր է գնահատում տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա անդրադարձել է նաեւ համահայկական խաղերին քրդական պատվիրակության մասնակցության խնդրին:
Սարգիս Հացպանյանը մտահոգություն է հայտնել, որ բուն Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող նախկին հայկական բնակավայրերի ներկայիս քուրդ պաշտոնյաները անկեղծ բարեկամներ չեն, քանի որ նպաստում են այդ տարածքների պատմության խեղաթյուրմանը:
Մոտ 450 պատվիրակ Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջաններից մասնակցում է Համահայկական 6-րդ խաղերին: Տարածաշրջանային հարցերով փորձագետ- վերլուծաբան Սարգիս Հացպանյանը զուտ հայկական այդ մասնակցությունը կարեւոր եւ դրական է համարում:
Սարգիս Հացպանյանը, սակայն, Արեւմտյան Հայաստանի տարածքում բնակվող քրդերի եւ նրանց պետական այրերի բարեկամությունն անկեղծ չի համարում, քանի որ, նրա խոսքով, ոմանք նպաստում են, որ այդ տարածքների պատմությունն աղավաղվի:
Մասնավորապես, նա մատնանշեց Վանի քաղաքապետ Բեքիր Քայայի կողմից հրապարակած մի գրքույկ Վանի մասին, որտեղ գրեթե խոսք չկա հայության վերաբերյալ, իսկ այնտեղի պատմամշակութային արժեքները ներկայացվում են այնպես, որ հասկանալի չէ, թե իրականում ովքեր են կառուցել եւ ում են պատկանում դրանք:
Խեղաթյուրվել են նաեւ այլ պատմական փաստեր: Ի դեպ, գիրքը հրապարակվել է 4 լեզվով եւ բացի հայերենից, մնացած երեքում «հայ» բառն ընդհանրապես չկա: Հացպանյանը կարծում է, որ այս ամենի մասին պետք է հստակորեն խոսել:
Սփյուռքահայ պատմաբան Գեւորգ Յազըջյանն էլ նկատեց, որ վերջին շրջանում քրդական շրջանակներում զգալի աշխուժացել են հակահայկական դրսեւորումները. քրդական ձեւավորվող պատմագիտությունն սկսել է խեղաթյուրել Արեւմտյան Հայաստանի պատմությունը: Պատմաբանը դա վտանգավոր է համարում, հատկապես, երբ այն ծածկվում է բարեկամության քողի տակ:
Սփյուռքահայ պատմաբան, հրապարակախոս Գեւորգ Յազըջյանի խոսքով՝ այս ամենի մասին պետք է մեր երկրի քաղաքական եւ պատմագիտական շրջանակները լրջորեն խորհեն եւ հստակորեն բարձրաձայնեն: