Հասարակություն

Սիրիահայ երեխաների հանգիստը կկազմակերպվի Հայաստանի ամառային ճամբարներում

ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակը պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամի սահմաններում ֆինանսական աջակցություն ցուցաբերել ուղղված սիրիահայ երեխաների երկշաբաթյա ամառային հանգիստը կազմակերպելուն:  Այդ աջակցության շրջանակներում «Գուգարք» մանկական ճամբարն այս տարի պատրաստ է տեղացի երեխաների հետ օգոստոսի 15-ից՝ երկու փուլով` հյուրընկալել սիրիահայ 8-15 տարեկան 80 երեխաների: «Տիրամայր Հայաստանի» կենտրոնն, ի դեմս ճամբարի պատասխանատու Քույր Արուսյակ Սաջոյանի, պատրաստակամություն է հայտնել օգոստոսի 20-ից մեկ շաբաթով Ծաղկաձորի ամառային ճամբարում ընդունելու նաև սիրիահայ անապահով ընտանիքների 100 երեխաների»:

Սրա մասին նշվել է այսօր Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նստում։

ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը անդրադարձել է Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաներին հոգեկան ծանր վիճակից դուրս բերելու, նրանց հանգիստը կազմակերպելու ուղղությամբ կատարված աշխատանքներին:

«Ամառային ճամբարների կազմակերպման նպատակն էլ հենց սիրիահայ երեխաներին հոգեբանական աջակցության ցուցաբերումն է՝ տեղացի հայ երեխաների հետ համատեղ ամառային հանգիստի ապահովման և առավել արագ նոր միջավայրումհարմարվելու համար: ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի շրջանակներում 1-5-րդ փուլերում «Արի տուն» ճամբարում արդեն եղել են 78 սիրիահայ պատանիներ և աղջիկներ, իսկ վերջին փուլերին սպասվում է ևս 40 սիրիահայ երեխաների մասնակցություն»,- հայտնել է նա։

Հայ օգնության միության Հայաստանի շրջանային վարչության ատենապետ Նարինե Գալստյանն էլ նշել է, որ սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրից ՀՕՄ-ը աջակցություն է ցուցաբերել Հալեպի, Դամասկոսի, Լաթաքիայի, Գամիշլիի և այլ շրջանների 27 հայկական վարժարաններին:

«Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի նախագահ Անի Բալըխյանը ներկայացրել է 2013թ. Հայաստանում գրանցված «Հալեպ» կազմակերպության բարեգործական  ծրագրերի մասին, որոնք ուղղված են  սիրիահայ ընտանիքներին սոցիալ- հոգեբանական աջակցություն ցուցաբերելուն, բնակարանով, առաջին անհրաժեշտության իրերով և զբաղվածությունն ապահովելուն:

Back to top button