Հասարակություն

Պետպատվերով դեղերի տրամադրումը համակարգային լուծման կարիք ունի

sonahakobyan

Պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղամիջոցների ոլորտում առկա խնդիրներին է այսօր անդրադարձել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա նշել է, որ ոլորտում համակարգային փոփոխությունների կարիք կա: Միևնույն ժամանակ Բաբկեն Պիպոյանը ուսումնասիրությունները կատարելիս նկատել է նաև դրական միտումներ: Առողջապահության նախարարությունը չի հերքում առկա խնդիրները և պատրաստ է վերացնել դրանք: Առողջապահական խնդիրերը կլուծվեն նաև օրենսդրական որոշակի նախաձեռնությունների արդյունքում, ասել է«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:

Հիվանդները չեն վստահում պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղամիջոցներին: Հնարավորության դեպքում նրանք նախընտրում են գնել անհրաժեշտ դեղերը, քան՝ ստանալ տեղական արտադրության դեղերն` անվճար: Սա, իհարկե, մտահոգվելու լուրջ տեղիք է տալիս և ստիպում մտածել ոլորտում համակարգային փոփոխությունների մասին, լրագրողների հետ զրույցում նկատեց  «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նա առաջարկում է փոխել  պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղամիջոցների տրամադրման կարգը: Դեղամիջոցի փոխարեն հիվանդին պետք է հատկացնել համապատասխան գումարը, որով ինքը կորոշի որ երկրի արտադրության դեղամիջոցն օգտագործել:

Խնդիրներից  մեկն էլ իրազեկվածության ցածր մակարդակն է և անհավասարության սկզբունը: Քիչ չեն դեպքերը, երբ  հիվանդները գնում են բժշկի՝ դեղ չկա: Արդյուքնում` շահում են միայն նրանք, ովքեր հետևողական են գտնվում, դիմում են թեժ գիծ և պայքարում են իրենց իրավունքների համար:

Հաշվի առնելով առկա խնդիրները՝ Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ ոլորտում նաև դրական տեղաշարժեր կան: Գլխավոր ձեռքբերումն այն է, որ առողջապահության նախարարությունը չի հերքում ոլորտում առկա խնդիրները և պատրաստ է դրանց լուծման մեխանիզմներ մշակել:

Դրական միտումներից են նաև որոշ օրենսդրական  նախաձեռնությունները, որոնց ընդունման դեպքում կլուծվեն նաև  դեղերի  տրամադրման  գործընթացին առնչվող խնդիրները:

Back to top button