Հասարակություն

Ինչո՞ւ են գայլերը հարձակվում ֆերմաների վրա. բացատրում են կենդանաբանները

aidaavetisyan

Վերջին տարիներիներին հաճախակի ենք ականատես լինում այս կամ այն գյուղում  գայլերի հարձակումներին ֆերմերային տնտեսությունների վրա: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները բազմիցս են  հարցի լրջության մասին ահազանգել, առաջարկել  խնդրի լուծման իրենց տարբերակները, սակայն ինչպես իրենք են ասում սայլը տեղից չի շարժվել: Կառավարությունը տարեկան մոտ  17 միլիոն դրամ է հատկացնում գայլերի որսի համար, որն էլ բնապահպանները համարում են խնդրի լուծման ոչ ճիշտ ճանապարհ: Այստեղ տեսնում են նաև ԳԱԱ կենդանաբանության ազգային ինստիտուտի մեղավորությունը, որը մոտ  15 տարի է չի ուսումնասիրել ոլորտը:

Վերջին տարիներին թե՛ ձմռան, թե՛ ամռան ամիսներին հանրապետության տարբեր մարզերում հաճախացել են   գայլերի հարձակումները:   Սոված գիշատիչները  հոշոտում են գյուղացու անասունները, մարդկանց անվտանգությունն էլ երաշխավորված չէ:  «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը երևույթը  բացատրում է  գիշատիչների ապրելավայրերի  կորստով, ինչպես նաև կերակրման խնդրով:

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության նախագահը այս հարցում տեսնում է նաև  ՀՀ ԳԱԱ կենդանաբանությանս ինստիտուտի մեղավորությունը: Կառույցը, ինչպես նշում է  Սիլվա Ադամյանը  մոտ  15 տարի է գայլերի թվաքանակի  վերաբերյալ չի կատարել մոնիթորինգ: Իսկ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտքարտուղար Հասմիկ Խաչատրյանն էլ նշում է, որ նման հետազոտություն իրականացնելու համար խոշոր միջոցներ են անհրաժեշտ:

Սիլվա Ադամյանի խոսքով՝ խնդիրն  արդիական է ոչ միայն  Հայաստանում, այլև Ռուսաստանում, ուր նույնպես գրանցվում են նման դեպքեր, սակայն ի տարբերություն Հայաստանի,  այնտեղ իրականացվում են  կանխարգելիչ միջոցառումներ՝ պաշտպանելով ոչ միայն կենդանուն, այլև ֆերմերային տնտեսությունները:

ՀՀ կառավարությունն ամեն տարի մոտ  17 միլիոն դրամ է հատկացնում գայլերի որսի համար, իսկ արդյունքներն անտեսանելի են, ասում է Սիլվա Ադամյանը: Թե ինչու կառավարությունը նույն գումարները չի ուղղում այլ միջոցառումներ իրականացնելու համար Թռչնասերների կենտրոնի նախագահը բացատրություն չունի:  Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտքարտուղար Հասմիկ խաչատրյանն նշում է, որ Խորհրդային Միության տարիներին որսորդ տնտեսությունները  թույլատրում էին տարեկան որսալ 100-ից  300 գայլ: Այժմ էլ գայլերի որսը չի գերազանցում 200-ը:

Բանախոսը որսը համարում է ճիշտ տարբերակ՝ գայլերի պոպուլյացիան նորմալ վիճակում պահպանելու համար: Ինչպես Սիլվա Ադամյանն է նշում, որսորդները,  որսալով գիւշատիչ կենդանուն,  գայլի մորթին ուղարկում են կենդանաբանության ինստիտուտ՝ պարզելու թե ինչ եղանակով է սպանվել  կենդանին, այնուհետև մորթին թաղվում է Աբովյան քաղաքում գտնվող հորի մեջ: «Նման ոչ տնտեսվար, ոչ նորմալ վերաբերմունք սեփական երկրի ու տնտեսության նկատմամբ: Կարելի է գայլերի մորթին վերամշակել և արդյունահանել:»,- ասում է Սիլվե Ադամյանը։

Կենդանասերները խնդրի լուծման  ճանապարհների մասին բազմիցս են նամակներով դիմել նախկին ու ներկա  վարչապետերին, սակայն, ինչպես Թռչնասերների կենտրոնի ղեկավարն է նշում, սայլը տեղից չի շարժվում:

Back to top button