ԿարևորՏնտեսական

«Նաիրիտի» անորոշ ճակատագիրը

lusinevasilyan

«Նաիրիտը» վստահելի ներդրողների միջոցով կամ պետք է վերագործարկվի, կամ լուծարվի, ինչը կապված կլինի բնապահպանական լուրջ խնդիրների ու ծախսերի հետ: Կառավարությանը ձեռնտու չէ ընկերության սնանկացումը, քանի որ դա բերելու է ֆինանսական լուրջ ծախսերի ու անվտանգությանն առնչվող խնդիրների, այսօր խորհրդարանում հայտարարել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ «Նաիրիտի» հետագա շահագործման վերաբերյալ կատարված ուսումնասիրության մասին հաղորդման ներկայացման ժամանակ: Պատգամավորներն այսօր միայն լսել են հաղորդումը և հարցեր ուղղել էներգետիկայի նախարարին: «Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ վերջնական պատասխաններ առայժմ չկան:

«Նաիրիտը» տրիկոտաժի գործարան չէ, որ կառավարությունը որոշի և մեր օրում լուծարի այն. միայն լուծարումը միլիոնավոր դոլարներ է   պահանջում,  իսկ դրան կառավարոյթյունը պատրաստ չէ, այսօր խորհրդրարանում հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարաների նախարար  Երվանդ Զախարյանը:  «Այնպես որ՝ այն կարծիքը, թե կառավարությունը ցանկություն ունի և տանում է գործարանը լուծարման, պատասխանատու հայտարարում եմ, որ դա այդպես չէ: Կառավարությունը կողմ է և ամեն ինչ արել ու անում է, որ գործարանը վերագործարկվի»:

Ազգային ժողովում ներկայացվում էր  հաղորդում  ՀԲ ուսումնասիրության արդյունքների մասին:  Ուսումնասիրությունը վերաբերում է «Նաիրիտի»  հետագա շահագործմանը, տեխնիկական և ֆինանսական կենսունակությանը:  ՀԲ փորձագեներին այս աուդիտը  կատարելու խնդրանքով դիմել է Հայաստանի կառավարությունը, պատճառը « Նաիրիտի» գրեթե անլուծելի իրավիճակն է:

« 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ «Նաիրիտի» պարտքերը կազմում են 126 մլրդ դրամ: Այդ թվում՝ միջպետական բանկին 79 մլրդ, Երևանի ՋԷԿ-ին՝  23 մլրդ , ՀԷՑ-ին ՝1.2 մլրդ,աշխատավարձերի գծով ՝ 5.4 մլրդ և բյուջեի նկատմամբ պարտքեր ՝ մոտ 10 մլրդ դրամ: Այդ իրավիճակը կառավարությանը ստիպել է միջամտել ու ելքեր փնտրել»:

Ըստ էության՝ այս իրավիճակը սկսել է   ձևավորվել 2006-ից՝  «Նաիրիտի»  բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքից հետո: «Նաիրիտը»  երբևէ շահույթով չի աշխատել, պարքերն ու վնասներն աճել են ամեն տարի: Իրավիճակի պատճառը, ըստ կառավարության, նաև ըստ ՀԲ փոձագետների՝ «Նաիրիտի» արտադրանքի վաճառքի գինը գերազանցող ինքնարժեքն է:

«Արտադրված ապրանքի գինը կրկնակի ավելի է եղել, քան՝ վաճառքի գինը: Այս պայմաններում արտադրությունը շարունակելն ուղղակի ինքնասպանություն էր : Բայց սեփականատերը շարունակել է ՝ ներգրավելով վարկեր ու կուտակելով  նոր պարտքեր , ինչի արդյունքում կործանել է իրեն և կործանման եզրին հասցրել նաև մեր էներգետիկ ընկերություններին, առաջին հերթին ՝ Երևանի ՋԷԿ-ին»:

Կառավարությունը արձանագրում է ոչ միայն սա, այլ նաև այն, որ ինչ-որ պահի սեփականատերը լքել է ընկերությունը: Մասնավորեցման պայմանագրում չի ՞ եղել  կետ, որով նախկին սեփականատիրոջ վրա որոշակի պարտավորություններ դրվեն`հետաքրքվում է  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Պայմանագրում կետ է ամրագրված եղել, որ ներդրումները չապահովելու դեպքում վերանայվում են պայմանագրի պահանջները: Աշխատանքի 4 տարիների ընթացքում ներդրումներ չեն արել: Հիմքերից մեկն էլ դա է, որ ՀՀ կառավարությունը կարողացավ հասնել պարտքերի մի մասի զիջմանը»:

ՀԲ ուսումնասիրության հիմնական եզրակացությունն այն է, որ «Նաիրիտի» հետագա շահագործումը նպատակահարմար չէ: Երվանդ Զախարյանն այսօր հայտարարեց, որ կառավարությունը ոչ պաշտպանում, ոչ էլ մերժում է այս եզրակացությունը, այն ընդունում է ի գիտություն :

Այս առաջարկությունը հիմք չի կարող դառնալ մեր հետագա որոշումների համար, ասաց նախարարը: «Նաիրիտը» վստահելի ներդրողների միջոցով կամ պետք է վերագործարկվի, կամ լուծարվի, ինչը կապված կլինի բնապահպանական լուրջ խնդիրների ու ծախսերի հետ:  Լուծարումը կառավարությունը ձեռնտու չէ, քանի որ ավելի ծախսատար կարող է լինել , քան՝ վերագործարկումը:

Իսկ կա՞ որևէ ներդրվող, որը «Նաիրիտի» գործարկման ցանկություն ունի, Զախարյանից հետաքրքվեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Այս ժամանակահատվածում, ինչ ես նախարար եմ, որևէ ներդրող չի հետաքրքվել, կոնկրետ առաջարկություններով որևէ մեկը չի դիմել»:

«Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ վերջնական պատասխաններ առայժմ չկան և այսօր էլ չհնչեցին: Նոր մանրամասներ ոլորտի պատասխանաըուները խոստացան ներկայացնել աշնանը նախատեսվող լսումների ժամանակ:

Ի դեպ՝ նաիրիտցիները հաղորդման քննարկմանը այսօր չմասնակցեցին, նրանք հավաքվել էին ԱԺ շենքի մոտ: Այս անգամ, ի տարբերություն նախորդների,  հավաքի նպատակը քննարկմանը հեռակա հետևելն էր, և ոչ թե աշխատավարձերի խնդիրը, որը արդեն տևական ժամանակ բողոքի է հանում նաիրիտցիներին: Նախարարն այսօր այս մասով նշեց, որ աշխատավարձերի վճարումն արդեն  սկսվել է և կշարունակվի՝  մինչև ամբողջ պարտքի մարումը:

Կարդացեք նաև

Back to top button