Ինչպես անվտանգ խաղալիք գտնել երեխայի համար
Յուրաքանչյուր տարիք հիշարժան է նաև տարատեսակ խաղալիքներով: Ամեն տարիք ունի երեխայի մտավոր զարգացմանը նպաստող յուրօրինակ խաղալիքների կարիք: Մասնագետները խորհուրդ են տալիս խաղալիքներ ընտրել ոչ միայն արտաքին գունային շքեղությունը հաշվի առնելով, այլ նաև հաշվի առնել, որ այն երեխայի առողջությանը չվնասող ճիշտ նյութից պատրաստված լինի։ Հենց սա է, որ ոչ միշտ է պահպանվում: Հնարավո՞ր է Հայաստանում երեխայի համար գտնել անվտանգ խաղալիք և սնունդ։
Սովորաբար ծնողները երեխաների համար նախընտրում են ամենալավն ու որակյալը: Իսկ մանկությունն առանց խաղալիքների պատկերացնել չես կարող: Յուրաքանչյուր տարիք հիշարժան է տարատեսակ խաղալիքներով: Սակայն թե որքանով է Հայաստանում հնարավոր մանկությունն ապահովել ապահովել անվտանգ խաղալիքներով կամ սննդով, բարդ հարց է։
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նկատում է, որ վերջին տարիներին թե՛ խաղալիքների, թե՛ փոքրերի սննդի շուկայում առաջընթաց կա: Այնուամենայնիվ՝ խորհուրդ է տալիս երեխաներին առնչվող որևէ բան գնելիս ուշադրություն դարձնել պահպանման ժամկետին և դրա սերտիֆիկացման առկայությանը:
Շուկայում այսօր առկա խաղալիքների բազմազանությունը շատ անգամ խճճում է ծնողին, և նրանք էլ առավել հաճախ նախապատվությունը տալիս են գեղեցիկ, ինչպես նաև այն խաղալիքներին, որոնցով իրենք չեն խաղացել մանուկ հասակում: Սակայն քչերն են ուշադրություն դարձնում դրանց անվտանգությանը:
Մանկաբույժ Աննա Բալայանի խորհուրդն է՝ խաղալիքները երեխայի համար և՛ ֆիզիկապես, և հոգեբեպես պետք է անվնաս լինեն, խթանեն նրա ճիշտ զարգացմանը: Նա հորդորում է խաղալիք չգնել պատահական խանութներից:
Այսօր երեխաների ագրեսիվ պահվածքի պատճառը ոչ միայն խաղալիքները, այլև «սպայդերմենի» և «ռենջերների» կերպարներով մուլտֆիլմերն ու կոմյուտերային խաղերը, որոնց վրա այսօր շատ երեխաներ են վատնում իրենց ժամանակը: Դրա դեմ պայքարը մանկաբույժը տեսնում է միայն ծնողի կողմից վերահսկողության մեջ։
«Դա էլ կուլտուրա է, դա էլ հիգիենա է, որը պետք է ծնողը սովորեցնի: Ծնողը պարտավոր է ժամային հսկողություն սահմանի կոմպյուտերային խաղերի համար: Անպայման պետք է հսկի՝ ինչ խաղ է խաղում երեխան»։
Առողջ սննդին ու ապրելակերպին, անվտանգ խաղալիքներին էլ գումարվում է երեխայի հոգեբանական առողջությունը, որը նույնպես կարևոր է, ասում է հոգեբան Աննա Բադալյանն ու նշում՝ յուրաքանչյուր ընտանիքում ճիշտ պետք է զարգացնել երեխայի հոգեբանական կայուն հիմքը, ինչն էլ կնպաստի երեխայի՝ իրականությունը ճիշտ ընկալելուն:
Միառժամանակ հոգեբանը նկատում է, որ տարեց տարի ծնողները հարցին մոտենում են ավելի գրագետ և կարողանում են ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ երախաները կարող են մեծանալ որպես կայուն անհատականություն: