Թբիլիսիում քննարկում են վրացական սփյուռքի խնդիրները


Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Թուրքիայի եվրոպական մերձեցումը հնարավորություն կտա այդ երկրում վրացերեն լեզվի տալ կարգավիճակ, կարծում են այս օրերին Թբիլիսիիում ընթացող վրացական «Սփյուռքի օրեր» միջոցառման մասնակիցները: Թուրքիայում բնակվող վրացիները իրենց լեզվին Մայրենի լեզվի կարգավիճակ տալը շատ են կարեւորում։ Աշխարհի տարբեր երկրներից հայրենիք ժամանած բազմաթիվ վրացիներ մեկ հարկի տակ քննարկում են իրենց հուզող հարցերը:
Ազգությամբ վրացի Էլդար Քուչուքը, ով Թուրքիայում ղեկավարում է «Վրացական մշակութային տունը», ասում է, որ լեզվի պահպանումն իրենց ամենամեծ խնդիրն է։ «Մեր հայրենակիցների մի ստվար հատված ուծացման եզրին է, հատկապես այն վայրերում, որտեղ վրացիները հոծ բնակեցված չեն»,- ասում է։
Պաշտոնական վիճակագրություն, թե ազգությամբ որքան վրացի է ապրում Թուրքիայի տարածքում, չկա: Սակայն վրացական մամուլում հաճախ խոսվում է ավելի քան մեկ միլիոն վրացիների մասին, որոնց թվում նկատի են առնվում նաև լազերը (խոսում են քարթվելական լեզվով) :
Տարիել Փութկարաձեն, ով Թուրքիայում եւ Իրանում վրացերենի խնդրի բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ է, նշում է, որ իրենց համար կարևոր է, որ այդ երկրներում վրացերենը մայրենի լեզվի կարգավիճակ ստանա։ «Այս պահին Թուրքիայում վրացերենն ունի ոչ թե մայրենի լեզվի, այլ փոքրամասնության լեզվի կարգավիճակ, ինչը նույնպես դրական ձեռքբերում է, Դրա շնորհիվ վերջին մի քանի տարիներին թուրքական դպրոցներում վրացերենն ուսումնասիրվում է որպես ազգային փոքրամասնության լեզու: Ցավոք՝ այս պահին միայն մեկ այդպիսի դպրոց կա Թուրքիայում»,- ասում է լեզվաբանը՝ հույս հայտնելով, որ Թուրքիայի Եվրամիության մեձեցման ճանապարհին վրացերենը հնարավոր է ստանա մայրենի լեզվի կարգավիճակ:
Ինչ վերաբերվում է Իրանին, ապա այստեղ վրացերեն լեզվին վերաբերող ոչ մի կարգավորում գոյություն չունի։ «Իրանի դպրոցներում վրացերեն չի ուսումնասիրվում, սակայն ոչ ոք չի արգելում ուսումնասիրել վրացերեն», ասում է Իրանում վրացական 10- ամյա դպրոցի տնօրեն Մաիդ Մուլիան։ Նա նշում է, որ վրացերեն սովորել ցանկացողները շատ են, սակայն կիրակնօրյա դպրոցների թիվը քիչ է:
Ըստ դպրոցի տնօրենի՝ Իրանում 50 հազար վրացախոս վրացիներ կան, սակայն մի քանի անգամ շատ են նրանք, ովքեր չեն տիրապետում մայրենիին, բայց իրենց վրացի են համարում: Իրանում ապրող վրացիների մեծամասնությունը մահմեդական շիա ուղղության հետևորդներ են: «Իրանն ունի իր հստակ օրենքները, իսկ Իրանում ապրող վրացիները հետևում են դրանց. ազնիվ են և ունեն լավ համբավ»:
Վրաստանում Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև Ադրբեջանի վրացական համայնքը համարում են պատմական: Ժամանակակից Սփյուռքը, որը գոյացել է վերջին 20 տարիների ընթացքում, հասնում է մեկուկես միլիոնի, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Վրաստանի Սփյուռքի նախարար Գելա Դումբաձեն։ «Դրանցից ամենամեծ համայնքը Ռուսատանում է (600 հազար), որի հետ, ցավոք, այսօր չունենք դիվանագիտական հարաբերություններ: Մեծաթիվ համայնքներ կան ԱՄՆ-ում, Հունաստանում, Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում»:
Նախարարն ասում է, որ յուրաքնչյուր վրացի աշխարհի որ անկյունում էլ որ լինի, ապրում է վրացական ավանդույթներով ու վրացական խոհանոցով՝ հոգու խորքում երազելով մի օր հայրենիք վերադառնալու մասին:
«Վրաստանն աշխատում է, որ առավելագույնս օգտագործի Սփյուռքի ներուժը, բացի այդ աստիճանաբար երկրում ստեղծում է ապրելու համար բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ»: