Ներքին տնտեսական աճի նվազմամբ հանդերձ` Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է ցուցաբերել աճի միտումներ՝ միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը հնարավոր ռիսկերին դիմակայելու համար, այսօր նշել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման բաժնի պետ Անդրանիկ Գրիգորյանը` ներկայացնելով ԿԲ 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունը:
Նրա խոսքով` ամենաբարձ ռիսկերը կապված են վարկերի հետ, բայց դրանք էլ կառավարելիի սահմաններում են: ԿԲ գնահատականների հետ, սակայն, համամիտ չէ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Լավատեսությունը մեր երկրի տնտեսական կյանքում ամենադժվար արդարացվողներից է լինելու, ասում է նա:
Միջազգային շուկաներում գունավոր մետաղի գների անկում, Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի նվազում, ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների կրճատում, եկամուտների նվազում. Հայաստանի տնտեսական աճի նվազումը պայմանավորող հիմնական այս գործոններն ու ռիսկերն անցյալ տարվանից պահպանվել են ու ավելի լրջորեն են սկսել ազդել տնտեսական ու ֆինանսական վիճակի վրա:
Սա արձանագրել է նաեւ հայրենի Կենտրոնական բանկը: Այն, սակայն, միաժամանակ հայտարարում է, որ իրականացված սթրես-թեստերի արդյունքներով` Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին իրացվելի և կապիտալացված՝ պատրաստ կլանել տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը։
Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման բաժնի պետ Անդրանիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխանցեց իր ներկայացրած կառույցի լավատեսական դիտարկումները: Բանկային համակարգի ռիսկերից ամենաբարձրը վարկային ռիսկն է, արձանագրվել է նաեւ չաշխատող ակտիվների տեսակարար կշռի աճ, ասաց, բայց սրանք շարունակում են գտնվել կառավարելիի շրջանակում, վստահեցրեց Անդրանիկ Գրիգորյանը:
Անդրանիկ Գրիգորյանը համարում է, որ Հայաստանի համար ամենաարդիականը ոչ թե մեր ներքին տնտեսական խնդիրներն են, այլ գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը, ինչը հանգեցրել է մեր տնտեսական աճի նվազմանը: Նա համոզված է նաեւ, որ Հայաստանի տնտեսության մեջ 2014 թվականի տարեվերջյան ցնցումները չեն ապակայունացրել ֆինանսական համակարգի գործունեությունը, իսկ ֆինանսական համակարգը կայուն է ու անգամ շոկային իրավիճակներում կարող է կառավարել բոլոր ռիսկերը եւ դեռ աճի միտումներ է ցուցաբերում ու բավականաչափ կապիտալացված է:
ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման բաժնի պետ Անդրանիկ Գրիգորյանը մեր բանկային համակարգի ներկա վիճակը գնահատեց «կայուն», «ճկուն», «կառավարելի», «իրացվելի», «կապիտալացված» բառերով: Բոլոր այս գնահատումներով փոխանցվող լավատեսությունը, սակայն, այս տարի մեր երկրի տնտեսական կյանքում ամենադժվար արդարացվողներից է լինելու, «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան հայտարարում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Հայաստանը տնտեսական անկման փուլում է, ինչը պարտադրում է ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել: Բայց այսօր տարվող մասնավորապես դրամավարկային քաղաքականությունն ամենեւին էլ չի նպաստում տնտեսությանը: Խաչատրյանն այն համոզմանն է, որ այսօր բանկերի սահմանած վարկային բարձր տոկոսադրույքները հակառակ ազդեցությունն են ունենում:
Նրա համար ամենեւին հասկանալի չէ տնտեսության այս լարված վիճակում շահութաբերություն ունենալու` ֆինանսական կառույցների քաղաքականությունը:
Կենտրոնական բանկի ֆինանսական ցուցանիշերի համաձայն`այս տարվա առաջին ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալները կտրուկ կրճատվել են, հակառակը` ավելացել են Հայաստանից ուղարկվող դրամական ծավալները: Ստացվում է, որ տնտեսական բոլոր միտումները գալիս են հիմնավորելու տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի տարեսկզբի կանխատեսումները, որ այս տարի զրոյական տնտեսական աճ ենք ունենալու եւ ապրելու ենք ավելի վատ, քան՝ անցյալ տարի: