Հասարակություն

Առողջապահության նախարարն Արմավիրի մարզում էր

satikisahakyan
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր մասնակցել է Արմավիրի մարզի Մեծամորի պոլիկլինիկայի բացմանը, որը գտնվում է հիվանդանոցի մի հատվածում: Վերանորոգումից հետո առողջապահության առաջնային օղակը վերազինվել է բժշկական լավագույն սարքավորումներով: Արմեն Մուրադյանը անդրադարձել է վերջին օրերին  Արմավիրի մարզի մանկապարտեզներում լայն տարածում գտած աղիքային ինֆեկցիոն հիվանդություններին, դրանց որակելով կեղտոտ ձեռքերի հիվանդություն: Արմավիրի և Մեծամորի հիվանդանոցներում աղիքային ինֆեկցիաների դեմ բուժվում են շուրջ 35 հիվանդ: Առողջապահության նախարարը պարզաբանումներ է տվել նաև Արմավիրի բժշկական կենտրոնում աշխատավարձից հավելյալ 10 տոկոս վճարներ գանձելու  վերաբերյալ:

 

Մեծամորի պոլիկլինիկան ոչ միայն փոխել է իր հասցեն, այլև վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով, որով կանխվելու է տեղի  հիվանդների հոսքը այլ բժշկական հաստատություններ:  Պոլիկլինիկան այժմ գտնվում է Մեծամորի բժշկական կենտրոնի առաջին հարկում՝ զբաղեցնելով  460 քմ տարածք: Վերանորոգումն իրականացվել է «Առողջապահության համակարգի արդիականացում» 2-րդ, լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակում՝ 2013-2014թթ –ին առաջացած տնտեսական միջոցների հաշվին, որտեղ ներդրվել է 83,4 մլն, դրամ: Պոլիկլինիկան ունի 20 սենյակ, ախտորոշման, բժշկական միջամտության,նեղ մասնագետների կաբինետներ:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մեծամորի  բուժաշխատողներին ներկայացրել է առողջապահության ոլորտի ծրագրերը, դրանց կարևորությունը, ինչպես նաև նորարարությունները:

Վերջերս Արմավիրում լայն տարածում գտած աղիքային ինֆեկցիաներով հիվանդ երեխաների մի մասը բուժվում է Մեծամորի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում:

Մեծամորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Վարդան Մանվելյանը տեղեկացրեց, որ  ներկայում բուժում է  ստանում 3-6 տարեկան աղիքային և շնչական սուր ռեսպերատոր վիրուսային ինֆեկցիաներով  5 հիվանդ, որից 3-ը Արմավիր քաղաքի  թիվ 6 մանկապարտեզից:

Արմավիր քաղաքի տարբեր մանկապարտեզներից  աղիքային ինֆեկցիայով շուրջ 30 երեխա էլ բուժվում է  Արմավիրի բժշկական կենտրոնի  ինֆեկցիոն բաժանմունքում: Հիվանդների բուժմամբ հետաքրքվեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նշելով, որ հիվանդների առողջական վիճակը բավարար է, պատրաստվում են դուրս գրման:

Արմավիրի բժշկական կենտրոնում բժիշկներն ու բուժաշխատողները դժգոհում են վերջերս ծանուցման թերթերի միջոցով տնօրենի կողմից նախազգուշացվող իրենց աշխատավարձից լրացուցիչ 10 տոկոս պահումների մասին, որով պետք է շտկվի հիվանդանոցի ֆինանսական վիճակը:  Օրինական է հարցի կարգավորումն այս ճանապարհով ռադիոլուրի հարցին նախարարը պատասխանեց, որ այն կարգավորվում է նախարարության հետ կնքած պայմանագրով, ըստ որի հիմնադիրը կարող է 5-10 տոկոս, ըստ հայեցողության,  տնտեսել և ուղղել այլ ծախսերի:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այցելեց նաև Ակնալճի  նորակառույց բուժամբուլատորիա, որի շինարարությունը դարձյալ իրականացվել է  Առողջապահական համակարգի  արդիականացում 2, լրացուցիչ ֆինանսավորում ծրագրով: Ընդհանուր ներդրումը 50,3 մլն դրամ է: Ակնալճի բուժամբուլատորիան սպասարկում է շուրջ 3000 բնակչի: Համեմատություններ անցկացնելով նախորդ ամբուլատորիայի հետ հիվանդները կատակեցին՝կարծես արտասահմանում լինենք:

Back to top button