ԵՊՀ քիմիայի եւ բնագիտական ֆակուլտետները պահանջարկ չունեն


Առջևում ընդունելության քննություններն են և մայիսի 5-ից սկսվել է ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմորդների հայտերի ընդունման առաջին փուլի գործընթացը: Այն կտևի մինչև հունիսի 1-ը: Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը կկայանա հայտագրման երկրորդ փուլը: ԵՊՀ –ի 53 ֆակուլտետներում այսօրվա տվյալներով դիմել է դեռևս 1900 դիմորդ, իսկ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում նախորդ դարվա հետ համեմատ այս տարվա դիմելիությունը գրեթե նույնն է: Մանկավարժական 52 մասնագիտությունների գծով կրթություն ստանալու հայտ է ներկայացրել 744 դիմորդ:
Ինֆորմատիկա, ֆիզիկա, ռադիոֆիզիկա, կիրառական մաթեմատիկա, քիմիա, դեղագիտություն, արվեստաբանություն, լեզվաբանություն՝ ռուսերեն, թարգմանչական գործ, իրանագիտություն և եկեղեցաբանություն. սրանք այն մասնագիտություններն են, որոնց պահանջարկը դեռևս մայր բուհում քիչ, կամ նույնիսկ չկա, սակայն ԵՊՀ-ի հայտերն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը հուսով է, որ դեռևս ժամանակ կա և բացը հնարավոր է լրացվի:
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում պահանջարկը քիչ է քիմիա և բնագիտություն մասնագիտություններում, հայտերն ավելի շատ են մաթեմատիկա, կենսաբանություն, պատմություն, իրավագիտություն, հայ և ռուս բանասիրություն, մանկավարժություն, հոգեբանություն, տարրական կրթություն, լրագրություն, պարարվեստ, հագուստի մոդելավորում բաժիններում:
Ի դեպ, վերջին մասնագիտությունը երկրորդ տարին է, որ գործում է համալսարանում, սակայն հայտերն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանի խոսքով՝ դիմորդների հոսքը նկատելի է: Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, այնուամենայնիվ, որոշ մասնագիտություններ մնում են պահանջված, կարելի ասել մոդայիկ և ամեն տարի այդ ֆակուլտետներում ուսանողների պակաս չի նկատվում, նույնիսկ սակավաթիվ դիմորդների պարագայում:
«Իրավագիտություն, լրագրություն, տնտեսագիոտթւան ֆակուլտետի կառավարում մասնագիտությունն է, միջազգային հարաբերությունները, հանրային կառավարում և ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզվով երեք մասնագիտությունները»:
Համալսարաններում դիմորդ ապահովելու նպատակով հանրապետության որոշ պետական բուհեր, սկսել են նվազեցնել միասնական քննություն հանձնելու առարկաների թիվը՝ դրանով թեթևացնելով դիմորդի հոգսը:
Իսկ մանկավարժական համալսարանում օտար լեզուների, պատմության և իրավագիտության ֆակուլտետների համար չի պահանջվում հայոց լեզվի միասնական քննություն, այլ բավարավում են ատեստատի գնահատականով: Այստեղից էլ հարց է առաջանում, թեթևացնելով դիմորդի բուհ ընդունվելու գործընթացը, արդյոք հետագայում չենք վտանգում լավ մասնագետ ունենալու հնարավորությունը: Վաչագան Գալստյանը համամիտ է դիտարկման հետ, սակայն կարծում է, որ իրավիճակը հնարավոր կլինի փոխել միայն բուհերի խոշորացման դեպքում:
«81 բուհ մասնակցում է միասնական քննության արդյուքներով այս ընդունելությանը, որտեղ կա 11 հազար դիմորդ: Տեղերը երկու անգամ ավելին են, քան դիմորդների թիվը: Այս պարագայում էլ բնական է, որ 7.5-ով և 8 բալերով ընդունվում են: Կարծում եմ հետագայում անպայմանորեն կգնա բուհերի խոշորացում»:
Գաղտնիք չեմ բացահայտի, երբ նշեմ, որ դիմորդներից շատերը բուհ են ընդունվում դիպլոմն ապահովելու նպատակով: Սակայն երկար տարիներ, շփվելով դիմորդների հետ, բանախոսները վստահեցնում են, որ մոտեցումները տարեց տարի փոխվում են ՝ դիմորդների մեծ մասը բուհ է ընդունվում գիտելիք ստանալու համար:
Ինչես նախորդ տարիներին, այս անգամ ևս քննություններից առաջ քննադատվում է հայոց լեզու և գրականություն առարկաների հարցաշարերը, որոնք հայոց լեզվի մասնագետ Արտաշես Մարտիրոսյանի գնահատմամբ, ամեն ինչ սովորեցնում են, բացի խոսքից: