ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մայիսի 25-ին կքննարկեն ԼՂ հիմնահարցը


Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մայիսի 24-26-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա. հայտնում է РИА Новости-ն: Մայիսի 25-ին տեղի կունենա Մամեդյարովի հանդիպումը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: «Կայանալիք այցը դիտարկում ենք ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության զարգացման շարունակության համատեքստում»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Հանդիպման ընթացքում, երկկողմ հարաբերություններից բացի, կքննարկվի նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ավելի քան երկու տասնամյակ շարունակում է կարևոր դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում, և հակամարտության լուծումը Մոսկվայի համար արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Միևնույն ժամանակ, ԱԳՆ-ն նշում է, որ ԵԱՀԿ-ն կարող է թիկունք լինել, սակայն բուն կարգավորումը կախված է կողմերից: