Տնտեսական
Ներկայացվելու է ԿԲ 2014 և 2015թթ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ եզրակացությունները




Գործադիրում այսօր ներկայացվելու է Կենտրոնական բանկի 2014 և 2015թթ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ եզրակացությունները: 2014-ի եզրակացության մեջ մանրամասնորեն ներկայացված են բոլոր այն կտրուկ փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում նախորդ տարեվերջին: Եզրակացություններում ներկայացված են նաև գնաճային սպասումներն ու ներդրումային քաղաքակնութանը եվրաբերող կանխատեսումներ: 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրում արտացոլված մակրոտնտեսական միջավայրի զարգացումների վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի գնահատականները ընդհանուր առմամբ համահունչ են ՀՀ կառավարության մակրոտնտե-սական ծրագրերով նախատեսվող ուղղություններին: 2014 թվականի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է իրականացնել ընդլայնող դրամավարկային քաղաքականություն, որն, ընդհանուր առմամբ, համահունչ է եղել գնաճի զարգացումներին և ՀՀ տնտեսական աճի տեմպերի վերականգնման, մակրոտնտեսական կայունության ապահովման ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված ուղղություններին:
Մասնավորապես նշված է, որ սպասվող թույլ ներդրումային ակտիվությունը 2015 թվականին կհանգեցնի մասնավոր ներդրումների կրճատմանը շուրջ 14%-ով, որն էապես ցածր է նախորդ կանխատեսումների համեմատ: Միևնույն ժամանակ, դրամավարկային ծրագրում ամբողջական առաջարկի կանխատեսումներում շինարարության անհամեմատ ավելի փոքր անկում է ակնկալվում՝ 7%-ի չափով: Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ ներդրումների միտումները ընդհանուր առմամբ չեն կարող շատ տարբերվել շինարարության միտումներից, քանի որ ներդրումների մեծ մասը պայմանավորված են կապիտալ շինարարությամբ: Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների ներկայացված է, որ 2015 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը կավելանա (1-ին եռ. 2015թ. 5.5-7.0% միջակայքում գտնվելու ամենաբարձր` 62.5% հավանականությամբ): Փաստացի գնաճը առաջին եռամսյակի ավարտին կազմել է 5.8%՝ համընկնելով գնահատականների հետ: Սակայն գյուղատնտեսության ճյուղում կանխատեսումները ակնկալում են 3.5-4.5% իրական աճ, ինչի վերաբերյալ 2015 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ տվյալները թույլ են տալիս ավելի լավատեսորեն վերաբերվել ճյուղի և գնաճի զարգացումներին 2015 թվականի ընթացքում: Կարծում ենք, որ երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում Կենտրոնական բանկը կարիք կունենա վերանայելու գյուղատնտեսության և գնաճի կանխատեսումները: