Քաղաքական

Հայաստանը եւ Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի հայտարարությունը

Հայաստանն ու Բելառուսը չեն ստորագրի Ռիգայում մայիսի 21-ից 22-ն  կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը, եթե դրանում մնա «Ղրիմի անօրինական անեքսիա» արտահայտությունը։ Հանդիպման մասնակիցները մշակել են փոխզիջումային տեքստ, որում առանձին նշել են իրենց դիրքորոշումները, գրում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Վերջիններս նշում են, որ ի սկզբանե ենթադրվում էր Ռիգայի հռչակագրում գրել Ռուսաստանի կողմից «Ղրիմի անօրինական անեքսիայի» մասին, սակայն նման ձևակերպումը չի ընդունվել Բելառուսի և Հայաստանի կողմից։ Այդ պատճառով էլ, ամենայն հավանականությամբ, կներկայացվի փաստաթղթի փոփոխված տարբերակը, որում Եվրամիության և գործընկեր պետությունների դիրքորոշումները կներկայացվեն առանձին-առանձին։

«Տեքստում կնշվի, որ Եվրամիությունը դատապարտում է Ղրիմի իրավիճակը, կնշվեն նաև գործընկեր երկրների դիրքորոշումները, որոնք նրանք հայտնել էին 2014-ի մարտին ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ, երբ Հայաստանը և Բելառուսը քվեարկել էին հօգուտ Մոսկվայի՝ դեմ էին եղել բանաձևին, որը Ղրիմի հանրաքվեն ուժ չունեցող էր անվանել»,-գրում է Reuters-ը։

Նշենք, որ համատեղ հայտարարության սևագիր տարբերակն այսօր կուսումնասիրեն ԵՄ երկրների և 6 գործընկեր երկրների Արտաքին գործերի նախարարները:

Back to top button