ՀԱԿ- ն առաջարկում է էլեկտրահամակարգն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողով ստեղծել


ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ձեւաթուղթ է վերցրել, որ մինչեւ երկուշաբթի կեսօր հավաքի 44 պատգամավորի ստորագրություն եւ ԱԺ-ում արտահերթ քննարկման դնի ՀՀ-ում էլեկտրաէներգիայի համակարգում ստեղծված իրավիճակը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներն ուսումնասիրել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ՀԷՑ-ի հայտը։ Տարբեր արտադրողների մոտ գների տարբերություն կա եւ խճճում է դա պատկերը: ՀԱԿ-ը հաշվարկել է եւ պարզել, որ արտադրողները ցանկանում են բարձրացնել 2.38 դրամով, ՀԷՑ-ը՝ 18 դրամով:
«Ստացվում է, որ 18 դրամից 15 դրամը, ըստ էության, ՀԷՑ-ի համար է արվում: Սա նշանակում է, որ թալանի սխեմաները չեն վերացվում, մենեջմենթի փոփոխություն չի արվում, զուտ միայն 15 դրամով ՀԷՑ-ի համար էներգիան թանկացնելու արդյունքում 1 տարվա ընթացքում կկարողանան կուտակված պարտքը փակել: Այս թանկացումն արվում է միայն մեկ նպատակով՝ փակել ՀԷՑ-ում ապօրինի ճանապարհով կուտակված 250 մլն դոլարի պարտքը»,- ասում է ՀԱԿ խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը:
Խմբակացության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նկատում է, որ մինչև այսօր սակագնի մեջ ՀԷՑ-ը ավելացնում էր 12 դրամ ամեն կիլովատի մեջ, իսկ այս հայտով ներկայացրել են 21 դրամ մարժա։ «Մինչև հիմա սակագնի մեջ ՀԷՑ- ը ավելացնում էր 12 դրամ ամեն կիլովատ ժամին։ Որպեսզի պատկերացնենք՝ դա ինչքան է, ասեմ, որ սովորական մեր արտադրողները` ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը, տալիս են մոտավորապես 10-ից 25 դրամ հոսանք, մինչև դա իրենք ամեն կիլովատի համար ավելացնում էին 12 դրամ: ՀԷՑ- ը 40 տոկոս մտնում է սակագնի մեջ: Իր ֆունկցիան ընդամենն արտադրողից սպառողին հասցնելն է»,- նկատում է Արամ Մանուկյանը։
Պատգամավորը համեմատականներ անցկացրեց՝ նշելով,որ ԱՊՀ երկրներում կորուստները 7-8 տոկոս են կազմում, մինչդեռ հիմա, միլիոնանոց վարկեր վերցնելուց հետո, ուզում են կորուստը դարձնել 11 տոկոս: «Հստակ է մեկ բան. գողությունն օրինականացման ներկայացված հայտ է սա: Դիմում եմ բոլոր արտադրողներին` մի սպասեք, որ քաղաքացիները ըմբոստանան, քանի որ ապրանքները այս թանկացման արդյունքում կդառնան անմրցունակ»:
ՀԱԿ-ը խմբակցության նիստում որոշում է ընդունել եւ ձեւաթուղթ է վերցրել, որ մինչեւ երկուշաբթի ժամը 12-ը հավաքի 44 ստորագրություն եւ ԱԺ-ում արտահերթ քննարկման դնի ՀՀ-ում էլեկտրաէներգիայի համակարգում ստեղծված իրավիճակը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: