

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը վատացրել է Հայաստանի կանխատեսումը և 2015 թվականին ակնկալում է երկրի ՀՆԱ–ի 1,5–տոկոսանոց անկում, հայտնում է «Առկա» տնտեսական տեղեկատվության հայկական գործակալությունը՝ հղում «Regional Economic Prospects in EBRD Countries of Operations: May 2015» ՎԶԵԲ–ի մայիսյան հաշվետվությանը։
Միաժամանակ՝ ՎԶԵԲ–ը 2016 թվականին ակնկալում է Հայաստանի տնտեսության բարելավում և կանխատեսում է ՀՆԱ–ի 1 տոկոս աճ։
Ինչպես նշվում է ընթացիկ հաշվետվությունում՝ հայկական տնտեսությունը 2015 թվականի սկզբին էականորեն դանդաղել է մասնավոր փոխանցումների և արտահանման կրճատման պատճառով։ «Հայաստանի ՀՆԱ իրական աճը, հավանաբար, բացասական կլինի»,– կարծում են ՎԶԵԲ–ում։
2014 թվականի վերջի կտրուկ, բայց մեղմ արժեզրկումից հետո հայկական դրամը կայունացել է ԿԲ կոշտ դրամավարկային քաղաքականության և ինտերվենցիաների շնորհիվ։ Միաժամանակ՝ չնայած բանկային հատվածի վրա փոխարժեքների բացասական ազդեցության հաղթահարմանը, վարկավորման ակտիվությունը դանդաղել է։
ՎԶԵԲ- ի վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանի տնտեսության արագ վերականգնման հեռանկարները մինչև 2016 թվականը կախված են արտաքին գործոններից, գլխավորապես` Ռուսաստանից։
ՎԶԵԲ կանխատեսումների համաձայն` Ռուսաստանում ՀՆԱ 2015 – ին ՀՆԱ- ի անկումը կկազմի 4,5 տոկոս` ավելի վաղ կանխատեսված 4,8 տոկոսի փոխարեն։ ՎԶԵԲ վերլուծաբանների կարծիքով` Ռուսաստանի խորը հետընթացն ակնկալվածից ավելի ուժեղ էր, ինչն անդրադառնում է այն երկրների վրա, որոնց հետ ՌԴ–ն սերտ տնտեսական կապեր ունի։ Մասնավորապես՝ ռուսական տնտեսության բացասական միտումները վատացնում են Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների հեռանկարները։
Ռուսական հետընթացի հետևանքներն ամենից շատ ազդում են աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների ծավալների վրա, որոնք բարձր տեմպերով շարունակվում են կրճատվել։