ԱՄՆ 10 կոնգրեսականի գործնական ուղևորությունը գաղտնի ֆինանսավորվել է Ադրբեջանը


Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը գաղտնի ֆինանսավորել է ԱՄՆ Կոնգրեսի 10 անդամի և անձնակազմի 32 անդամի ուղևորության բոլոր ծախսերը դեպի Բաքու` այնտեղ 2013-ին անցկացված` Կասպից ծովի գիտաժողովին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է The Washington Post ամերիկյան պարբերականը` վկայակոչելով խմբագրությունում հայտնված` էթիկայի գաղտնի զեկույցը:
Oրենսդիրները և նրանց աշխատանքային անձնակազմի անդամները հարյուր- հազարավոր դոլարներ են ստացել գործուղման ծախսերի համար, ինչպես նաև՝ մետաքսե շարֆեր, բյուրեղապակյա սպասք և ադրբեջանական գորգեր` 2500-10 000 դոլար արժողությամբ: Ճանապարհորդական հաշիվները ցույց են տալիս, որ կոնգրեսականների ուղևորությունն արժեցել է 112 899 դոլար:
Պալատի անկախ քննչական ճյուղ հանդիսացող Կոնգրեսական էթիկայի գրասենյակի 70 էջանոց զեկույցի համաձայն` Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը ԱՄՆ-ում գործող շահույթ չհետապնդող ընկերությունների միջոցով 750 000 դոլար է ուղղել գիտաժողովի ֆինանսավորման աղբյուրը թաքցնելու համար: