Կրթության մակարդակը եւ տնտեսությունը. Հայաստանը դպրոցների գլոբալ վարկանիշում միջին դիրքերում է.


Հայաստանը 50- րդ տեղում է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության այսօր հրապարակած դպրոցների գլոբալ վարկանիշում։ Հարեւան Վրաստանն այդ վարկանիշում գրավում է 59- րդ, Թուրքիան՝ 41- րդ, Իրանը՝ 51-րդ տեղը, իսկ ԵՏՄ մեր գործընկերներից Ռուսաստանը 34- րդ, Ղազախստանը՝ 49- րդ տեղում են։ Ադրբեջանի, Բելառուսի եւ Ղրղզստանի ցուցանիշերը բացակայում են։
Դպրոցների գլոբալ վարկանիշը ցույց է տալիս, որ ասիական երկրների կրթական համակարգն ավելի արդյունավետ է, քան՝ Լատինական Ամերիկայինը եւ Աֆրիկայինը։
Վարկանիշը գլխավորում է Սինգապուրը, որին հետեւում են Հոնկոնգը, Հարավային Կորեան, Ճապոնիան եւ Թայվանը։ Եվրոպական երկրներից ամենալավ վարկանիշը Ֆինլանդիայինն է։ Նա 6- րդ տեղում է։ Վարկանիշում 7- րդը Էստոնիան է։
Զեկույցի հեղինակների խոսքով՝ նպատակն էր պարզել, թե որքանով են երկրների բարեկեցությունն ու տնտեսական աճը ազդում կրթության որակի վրա։
«Առաջին անգամ մենք հնարավորություն ունենք գնահատել կրթության մակարդակը գլոբալ մասշտաբով։ Մենք ցանկանում էինք հնարավորություն տալ մեծ թվով երկրների, ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ, համեմատել իրենց համաշխարհային լիդերների հետ, հասկանալ իրենց ուժեղ եւ թույլ կողմերը, գնահատել, թե ինչպես կրթության որակը ազդում է տնտեսության եւ երկարաժամկետ հեռանկարի վրա»,- Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի կրթական քաաքականության հարցով խորհրդական Անդրեաս Շլյախերի խոսքերն է մեջբերում Բի Բի Սի- ն։
Անդրեաս Շլյախերը նաեւ նշել է, որ կրթական չափորոշիչների բարելավումը կարող է բերել «երկարաժամկետ տնտեսական աճի, որը կարող է լինել բացառիկ»։
Օրինակ՝ ըստ զեկույցի, եթե աֆրիկյան Գանան, որը ամենավատ ցուցանիշն է գրանցել, կարողանա ներկա 15 տարեկանների համար ապահովել կրթական հիմնական հմտությունները, այնպիսիք, ինչպիսիք են կարդալը, գրելը եւ հաշվելը, ապա նրանց կյանքի ընթացքում այս երկրի ՀՆԱ- ն կարող է աճել 38 անգամ կամ 3881%։
Հայաստանի պարագայում նշվում է, որ նման հմտությունների ապահովման դեպքում մեր երկրի ՀՆԱ- ի աճը կարող է կազմել 561%։