Տնտեսական

Նորապատի գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը կտրամադրի վարկեր, կվաճառի գյուղտեխնիկա, կիրականացնի փորձի փոխանակում

satikisahakyan

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Գործընկերություն հանուն  գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում այսօր Արմավիրի մարզի Նորապատ գյուղում     բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն:  Նոր  տեխնոլոգիաների միջոցով կենտրոնը  նպաստելու է  ֆերմերային գործարարության զարգացման փորձի տարածմանը: Կենտրոնի բացմանը  ներկա էին  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր Ռիչարդ Միլսը,  գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրումն ու  կիրառումը նպաստում է գյուղմթերքների արտադրողականության և որակի  բարձրացմանը, ծավալի ընդլայնմանը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի գյուղական համայնքները, օժանդակել համայնքային նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, նվազեցնել  մարդկային գործունեության բացասական  ազդեցությունը շրջական միջավայրի վրա, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղերի հնարավորություն կանանց և երիտասարդների համար:

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը կարևորեց նմանատիպ կենտրոնների ստեղծումը հանրապետության  մարզերում, հատկապես՝ հեռավոր շրջաններում:  Մարզերում ստեղծված գյուղատնտեսական սպասարկման կենտրոնները հիմնականում  ուղղված են բուսաբուծության, անասնապահության զարգացմանը:

Նորապատի կենտրոնը այգեգործական երկրորդ կենտրոնն է Հայաստանում՝ Դարակերտից հետո: «Կենտրոնները ոչ միայն զբաղվելու են գործիքների, պապարտանյութերի և բուժանյութերի վաճառքով, այլ նաև ուսուցողական կենտրոններ են դառնալու տեղի ֆերմերների համար: Օտարերկրյա լավագույն մասնագետները կներկայացնեն նորագույն տեխնոլոգիաների ներդրումներն ու  ձեռքբերումները, նախատեսվել է նաև վարկերի տրամադրում գյուղացիական տնտեսություններին»,- ասաց գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

Փորձի փոխանակման միջոցով  Հայաստանի  գյուղատնտեսության  մեջ արդեն կիրառվում են նորագույն տեխնոլոգիաները՝ կաթիլային ոռոգման համակարգերի և կարկտահարության պաշտպանիչ  ցանցերի ներդրմամբ, որոնք ավելի արդյունավետ են:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  նկատեց, որ գյուղատնտեսությամբ զբաղվողներն ավելի արդյունավետ տնտեսվարողներ են և ԱՄՆ կառավարությունը տարբեր ծրագրերով  օժանդակելու է  գյուղատնտեսության զարգացմանը:

Նոր տեխնոլոգիաներից առաջիկայում կներդրվի նաև խոտի աճեցման հիդրոպոնիկ եղանակը, որը կիրականացվի  ձմռանը՝ փակ տարածքներում: Մեթոդն  առայժմ փորձարկվում է այծաբուծարանում: Մասնագետները նպատակարամար են գտել  այն կիրառել Արարատյան հարթավայրումը, որտեղ արոտները քիչ են:

Նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցներում կաճեցվեն նաև ծիրանենին ու կեռասենին: Նորապատի  գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պատասխանատու Սիմոն Ասատրյանը նշեց, որ իրենք խորհրդատվությամբ պատրաստ են աջակցել գյուղացիներին և տրամադրել անհրաժեշտ նյութեր ու  սարքավորումներ:

Back to top button