Քաղաքական

Արամ Առաջինը հետեւում է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով Թուրքիայի ՍԴ-ում բացած դատին

Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը, ԱՄՆ-ում հովվապետական այցելությանը զուգահեռ, հետևում է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով Թուրքիայի Սահմանադրական դատարանում բացած դատին, հաղորդում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:
Այցի շրջանակում Նորին Սրբությունը Վաշինգտոնում աշխատանքային հանդիպում է ունեցել դատի հանձնախմբի անդամներից Թաներ Աքչամի հետ, ով դրական է գնահատել մինչև այժմ կատարված աշխատանքը: Ընդգծելով վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած զարգացումների հատկանշական երևույթները՝ Վեհափառ Հայրապետը շեշտել է աշխատանքները նույն թափով շարունակելու անհրաժեշտությունը: Այս բոլորի հետ մեկտեղ որոշվել է մայիս ամսվա ընթացքում կաթողիկոսարանի դատի մասին մամուլի ասուլիս կազմակերպել Պոլսում Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք պատգամավորական ընդհանուր ընտրություններից առաջ:
Նորին Սրբությունը մշտապես կապի մեջ է դատի հանձնախմբի մյուս անդամների հետ և մոտիկից հետևում է միջազգային մամուլի արձագանքներին ու Թուրքիայի կողմից կատարվող հակազդեցություններին:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսը վերադարձնել իր պատմական կաթողիկոսարանին:

Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել է «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը:

 

Կարդացեք նաև

Back to top button